Ռուբէն Յակոբեան. «Իմպիչմենտի տապալման դէպքում այն կը նպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ռուբէն Յակոբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ գործող վարչապետին անվստահութիւն յայտնելու քաղաքացիական նախաձեռնութեանը:
«Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ
Այս օրերին ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում բացայայտ նախընտրական ընտրարշաւ, ինչի հանգրւանային կուլմինացիան այս պահին Նիկոլին իմպիչմենտ յայտնելու նախաձեռնութիւնն է։ Չկասկածելով Էդգար Ղազարեանի անկեղծութեանը, կարծում եմ ինքն էլ է համոզւած, որ այն այս պահին գործնականում իրականութիւն դառնալու գրեթէ որեւէ շանս չունի։ Այնպէս չէ, որ չկան վարչապետի թեկնածուններ։ Բայց նաեւ չեմ կարծում, որ գործնականում նախաձեռնութեան անիրական լինելու պատճառով որեւէ հանրային դեմք, որպէս վարչապետի թեկնածու, կը համաձայնի մասնակցել այս նախաձեռնութեանը։ Իսկ իմպիչմենտի տապալման դէպքում այն կանդրադառնայ խորհրդարանական ընդդիմութեան առանց այդ էլ բաւականին ցածր վարկանիշին, ինչն ուղղակիօրէն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը։
Բայց ցաւով ուզում եմ արձանագրել, որ ներընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս նախաձեռնութիւնը ծրագրաւորւած փորձում են օգտագործել ոչ թէ ազգակործան պատուհասին, այլ «Հայաստան» խմբակցութեանը եւ, մասնաւորապէս, նրա առաջնորդին ներքաղաքական դաշտում «իմպիչմենտ» յայտնելու ծրագրի իրականացմանը, ինչին պլանաւորւած եւ համակարգւած միացել են նաեւ իշխանութեան ներկայացուցիչները։ Եւ կարծում եմ իր ելոյթներում Էդգարը պէտք է գնահատական տայ նաեւ այս տեսակին, որ իր նախաձեռնութիւնը օգտագործում են իրենց այլ նպատակներ կեանքի կոչելու համար։
Բազմիցս եմ տարիներ շարունակ նշել՝ քանի դեռ առարկայօրէն չի քննարկւել եւ գնահատական չի տրւել անցեալում գործած սխալներին, ինչի արդիւնքում ծնւեց վարչապետ կոչւած այս երեւոյթը՝ ընդդիմադիր դաշտը միշտ յայտնւելու է տուրբուլետային գօտում, որտեղ հիմա գտնւում է։ Այո՛, համոզւած եմ, դա է դարձել ընդդիմութեան դաշտի պառակտման գլխաւոր պատճառներից մէկը։ Սպինոզան ասում է՝ եթէ ուզում ես, որ ներկան տարբերւի անցեալից, ուսումնասիրի անցեալը։ Իսկ քաղաքագիտական աքսիոմն էլ իր հերթին նման դէպքերում պարտադրում է քննարկել եւ բացայայտել նախկինում գործած սխալներն ու դրանց հետեւանքները, որպէսզի հետագայում դրանք նորից չկրկնւեն։ Առաւել եւս, որ այդ սխալների պատճառով գլխատւել է Արցախն ու ստորացւել եւ վարւող քաղաքականութեան արդիւնքում Հայաստանը յայտնւել է շրջափակման եւ դիւանագիտական մեկուսացման մէջ։
Վստահ եմ՝ եթէ ժամանակին ընդդիմադիր լրատւամիջոցներում յայտնի միջոցներով չպատանդւէր վերլուծական միտքն ու անշահախնդիր քննարկւէր եւ գնահատական տրւէր գործող վարչապետ կոչւածի ի յայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ներկայումս ոմանք ոչ միայն չէին լինի ընդդիմադիր դաշտում եւ փորձէին պղտոր ջրերում ձուկ որսալ, այլ կապաշխարէին եւ, ընդհանրապէս, դուրս կը գային քաղաքականութիւնից»,- գրել է նա: