Հասարակական

Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ մայիսի 5-ին, 89 տարեկան հասակում մահացել է Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը:

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը ծնւել է 1936 թւականին Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մատաղիս գիւղում։ Աւարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակաւորմամբ, ապա ԽՍՀՄ ԳԱ Մոսկւայի Պ. Լեբեդեւի անւան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունէութիւնը սկսել է 1958-1960 թւականներին՝ որպէս ՀԽՍՀ ԳԱ Բիւրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող, ապա աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպէս աւագ գիտաշխատող, լաբորատորիայի բաժնի վարիչ, զբաղեցրել գիտական աշխատանքների գծով փոխտնօրէնի եւ տնօրէնի պաշտօնները։

1980 թւականին Ռադիկ Մարտիրոսեանը ստացել է դոկտորի գիտական աստիճան, իսկ 1982 թւականին նրան շնորհւել է պրոֆեսորի կոչում։ 1986 թւականին ընտրւել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թւականին՝ ակադեմիկոս։

Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատանքին զուգահեռ՝ 1965 թւականից դասաւանդել է ԵՊՀ-ում՝ 1983-1993 թւականներին հանդիսանալով ԵՊՀ-ում իր նախաձեռնութեամբ ստեղծւած գերբարձր յաճախութիւնների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1993-2006 թւականներին զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտօնը։

2006-2021 թւականներին հանդիսացել է ՀՀ ԳԱԱ նախագահ՝ միաժամանակ շարունակելով աշխատանքը ԵՊՀ-ում՝ որպէս ԳԲՀ ռադիոֆիզիկայի եւ հեռահաղորդակցութեան ամբիոնի վարիչ, ինչպէս նաեւ ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 2016 թւականից Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի արտասահմանեան անդամ է, 2021 թւականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահութեան գլխաւոր խորհրդական։ Հեղինակ է աւելի քան 200 գիտական աշխատանքների։

Պարգեւատրւել է «Պատւոյ նշան», ժողովուրդների բարեկամութեան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 1-ին աստիճանի շքանշաններով, ինչպէս նաեւ ԵՊՀ մեդալով, Իտալիայի նախագահի, Ֆրանսիայի կառավարութեան եւ այլ շքանշաններով:

Related Articles

Back to top button