Սէյրան Օհանեան. «Փաշինեանին իմպիչմենտ ներկայացնելու գործընթացի համար հիմքերն այսօր առկայ չեն»

«ԱԼԻՔ» – «Իմպիչմենտ իրականացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանին անվստահութիւն ներկայացնելու գործընթացը, հիմքեր պէտք է ունենայ, այդ հիմքերն այսօր առկայ չեն»: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ երէկ՝ մայիսի 5-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը:
Ըստ նրա՝ հիմքերն առկայ չեն՝ նշանակում է նախօրօք գնալ ձախողման, դրանք այն քայլերն են, որոնք հէնց այն է, ինչ պէտք է Նիկոլ Փաշինեանին:
«Հիմքերն առկայ չեն՝ նկատի ունեմ, որ հաշւարկների արդիւնքում իմպիչմենտ նախաձեռնելու համար համապատասխան 36 ձայն է պէտք, «Հայաստան» խմբակցութիւնը 28 պատգամաւոր է, արտայայտել ենք մեր կարծիքը, եթէ կարողանան 8 պատգամաւորի համաձայնութիւն ներկայացնել, մենք մեր համաձայնութիւնը ներկայացնում ենք իմպիչմենտ իրականացելու համար։
Երկրորդ՝ համաժողովրդական լայն ընդվզում եւ լայն աջակցութիւն է պէտք»,- ասել է Օհանեանը։
Նա յիշեցրել է, որ Փաշինեանի իմպիչմենտի մասին առաջին անգամ հէնց «Հայաստան» դաշինքը եւ նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտայայտել:
«Մեր գործունէութեան հիմնական նպատակներից մէկը հէնց Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացումն է:
Նրա հեռացման համար կան իրաւական, քաղաքական հիմքեր, բայց միեւնոյն ժամանակ էլ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հէնց այնպէս գործընթաց առանց հիմքերի չպէտք է լինի։ Դրա հիմքերը նախեւառաջ լուրջ հաշւարկների վրայ են ձեւաւորւած:
Երկրորդ՝ պէտք է լինի նաեւ ընդվզող մեր ժողովրդի աջակցութիւնը, որ իմպիչմենտը կայանայ։ Նախաձեռնութեան հեղինակները գիտեն, որ պէտք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու, եւ նաեւ 54 պատգամաւորների աջակցութիւն, այդ թւում՝ ՔՊ-ի, որպէսզի այն յաջողութեամբ աւարտւի։
Այս նախաձեռնութեան հեղինակները որեւիցէ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում եւ նաեւ պատասխանատւութիւն չեն կրում: Այս տարիների ընթացքում նաեւ փողոցային պայքարը, մեր ժողովրդի հետ աշխատանքի արդիւնքում լուրջ ուժի գեներացումը ցոյց է տւել, որ նրանք իրականում նաեւ դրսում լայն գործընթաց, լայն ընդվզող մեր ժողովրդի աջակցութիւն չեն կարող առանձին ապահովել:
Այս տարիների ընթացքում աշխատանքը ցոյց է տալիս, որ նոյնիսկ եթէ ընդվզող աջակցութիւն լինի, դեռեւս մենք չենք կարող իմանալ՝ յաջողութիւն կունենա՞նք, թէ՝ չէ։
Այս առումով միայն թիրախաւորելը «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներին, մեր համար անընդունելի է: Մենք ասում ենք, որ մեզ հետ շանտաժի լեզւով չի կարելի խօսել»,- ասել է Սէյրան Օհանեանը։
Նշենք, որ հասարակական ակտիւիստներ Էդգար Ղազարեանն ու Նարեկ Մալեանը նախաձեռնել են Նիկոլ Փաշինեանին անվստահութիւն յայտնելու գործընթաց, որին իր աջակցութիւնն է յայտնել ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը: