Գեներալ Աշթիանին՝ ՀՀ ՊՆ-ի հետ հանդիպման ժամանակ. «Կովկասեան տարածաշրջանը չպէտք է մրցակցութեան դաշտ դառնայ այլոց համար»
«ԱԼԻՔ» – Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշթիանին, երէկ՝ մարտի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին:
Հանդիպման ընթացքում քննարկւել են պաշտպանութեան բնագաւառում համագործակցութեան ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները՝ Հարաւային Կովկասում երկարատեւ խաղաղութեան ու կայունութեան հաստատման վերաբերեալ:
Գեներալ Աշթիանին անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածաշրջանային քաղաքականութեանը նշել է, որ բոլոր հարեւանների հետ յարաբերութիւնների ամրապնդումը պաշտօնական Թեհրանի արտաքին քաղաքականութեան սկզբունքներից մէկն է:
«Հայաստանը յատուկ նշանակութիւն ունի հարեւան երկրների հետ յարաբերութիւններում: Անկախացումից ի վեր, երկու երկրների յարաբերութիւնները տարբեր ոլորտներում մշտապէս զարգանում են»,- ասել է գեներալը:
Տարածաշրջանային համապարփակ ու կայուն խաղաղութեան աջակցութիւնը համարելով Իրանի սկզբունքային դիրքորոշումներից մէկը, պաշտպանութեան նախարարը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետութեան յստակ դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը եւ ճանաչւած սահմանների անփոփոխութեանը: Ինչ վերաբերում է Կովկասեան տարածաշրջանին, մենք հաւատարիմ ենք այս քաղաքականութեանը եւ աջակցում ենք հարեւան երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցութիւններին եւ կայուն խաղաղութեան կայացմանը, դա համարելով Կովկասեան տարածաշրջանի առաջընթացի եւ զարգացման հիմքը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգութեանը, մենք կարծում ենք, որ տարածաշրջանի անվտանգային համակարգը պէտք է ձեւաւորւի հէնց տարածաշրջանում, եւ, հետեւաբար, տարածաշրջանի երկրների կողմից այս քաղաքականութեանը հակասող ցանկացած մօտեցում որեւէ կերպ ընդունելի չէ»:
«Տարածաշրջանից դուրս անվտանգութիւն փնտրելը հակառակ ազդեցութիւնն է ունենում, եւ տարածաշրջանը վերածում է գերտէրութիւնների միջեւ բախման վայրի՝ աւելի մեծ մարտահրաւէրներ առաջացնելով տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան համար, եւ հետեւաբար չպէտք է թոյլ տանք, որ Կովկասեան տարածաշրջանը մրցակցութեան դաշտ դառնայ այլոց համար, քանի որ այս դէպքում վտանգւելու է բոլոր երկրների կայունութիւնն ու անվտանգութիւնը»,- յստակեցրել է գեներալ Աշթիանին:
Նշենք, որ աւելի ուշ ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանին ընդունել է նաեւ Իրանի Զինւած ուժերի շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին: