Կայացաւ «Հայեցի դաստիարակութիւն» թեմայով խորհրդաժողովը
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ «Հայեցի դաստիարակութիւն» թեմայով ուսումնասիրութիւնների շրջանակներում, հինգշաբթի, փետրւարի 22-ին, «Ա. Ա. Ահարոնեան» մանկապատէզում, մասնակցութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանի եւ խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանի, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, դպրոցի տեսուչների, փոխտեսուչների, Հայոց լեզւի ու Կրօնի ուսուցիչների, յանձնախմբերի անդամների եւ դպրոցներում պաշտօնավարող հոգեբանների կազմակերպւել էր մէկօրեայ խորհրդաժողով:
Խորհրդաժողովի նպատակն էր ներկայացնել համայնքում հայեցի դաստիարակութեան արդի հիմնախնդիրները եւ դրանք հարթելու վերաբերեալ առաջարկները:
Խորհրդաժողովը նախագահում էին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը եւ խորհրդի անդամ Այրինա Նորաւեանը, կազմակերպչական եւ ընթացիկ աշխատանքները իրականացւել են Կրթական խորհրդի գրասենեակի եւ կազմակերպիչ յանձնաժողովի կողմից, որում ընդգրկւած են եղել Կրթական խորհրդի անդամներից՝ Կարինէ Բալըքճեանը, Այրինա Նորավեանը եւ Մելինդա Քեարիմ Մասիհին:
Շուրջ վեց ժամ տեւողութեամբ խորհրդաժողովը մեկնարկեց Տէրունական աղօթքով, կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Կրթական խորհրդի փոխատենապետ՝ յանձնախմբի աշխատանքների կօօրդինատոր՝ Կարինէ Բալըքճեանը: Նա իր խօսքում նշեց, որ այսօր Հայեցի դաստիարակութիւնը հանդիսանում է ազգային կարեւորագոյն հարցերից մէկը եւ Կրթական խորհուրդը պարբերաբար իր հայեացքը սեւեռում է այս հարցին հնարաւոր լուծումներ գտնելու ուղղութեամբ: Պարզելու համար, թէ ինչ ռազմավարութիւն, ռեսուրսներ, հնարաւոր միջոցներ են անհրաժեշտ հայեցի դաստիարակութեան լաւագոյն արդիւնքին հասնելու համար, խորհրդին անհրաժեշտ էր կատարել խորը, բազմակողմանի եւ մասնագիտական ուսումնասիրութիւններ՝ «Հայեցի դաստիարակութիւն» թեմայով: Ուսումնասիրութիւնը վստահւեց դոկտ. Ալիս Խաչեանին, ով սիրայօժար ստանձեց այս աշխատանքը եւ ամիսներ տեւած ուսումնասիրութիւնների եզրայանգումը ներկայացրեց խորհրդին:
Խորհրդաժողովի առաջին փուլում՝ դոկտ. Ալիս Խաչեանի կողմից ներկաներին ներկայացւեց հայեցի դաստիարակութեան բացատրութեան որակական ուսումնասիրութիւնը «qualitative» խաչասերւած «hybrid» ձեւաչափով:
Երկրորդ փուլում իրականացւեց գործնական աշխատանք խմբային բաժանումով՝ ինտերակտիւ մեթոդով, նախօրօք յանձնարարւած հարցերի շուրջ:
Խորհրդաժողովի երրորդ փուլում՝ աշխատանքային խմբերի եզրակացութեան ներկայացում, հարցերի եւ մտքերի փոխանակման միջոցով:
Չորրորդ փուլ՝ Խորհրդաժողովի եզրակացութիւն եւ փակում:
Ելոյթով հանդէս եկաւ Թեմական խորհրդի անդամ` Հայրիկ Աղանեանը: Նա ողջունեց եւ շնորհակալութիւն յայտնեց ներկաներից, յատկապէս Կրթական խորհրդի կազմից եւ դոկտ. Ալիս Խաչեանից: Կարեւորեց խորհրդաժողովի անցկացումը եւ շեշտեց, որ ամէն բան արդիւնաւէտ կը լինի, եթէ խորհրդաժողովում հնչեցւած մտքերն ու առաջարկները դառնան առարկայական, հետեւողական ու գործնական քայլեր ձեռնարկւեն հայեցի դաստիարակութեան լաւագոյն արդիւնքին հասնելու համար: Իսկ լաւագոյն արդիւնքին հասնելու համար ցանկացած մարդ պէտք է հաւատացած լինի, որ կը հասնի իր նպատակակէտին:
Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, խորհրդաժողովի մեկնարկին ողջունելով ներկաներին, մատնանշեց այն բոլոր պատճառները, որոնք առիթ են ստեղծում նման հանդիպումների:
Իսկ հանդիպման աւարտին նա բարձր գնահատեց Կրթական խորհրդի կողմից խորհրդաժողովի կազմակերպումը եւ ընդգծեց այս աշխատանքի յոյժ կարեւոր լինելը: Ատենապետը հանրագումարի բերելով ընդհանուր ընթացքը ներկայացրեց հետեւեալը, որ խորհրդաժողովի ընթացքում հնչեցրած չորս գլխադասային հարցերի քննարկումներից ընդգծւեցին բազմաթիւ ազդակներ ու օգտաւէտ առաջարկութիւններ հայեցի դաստիարակութեան հետագայ արդիւնաւէտ կազմակերպման համար:
Նա շեշտեց, որ այս ամէնը անօգուտ կը լինի, եթէ չկրի շարունակական բնոյթ, եւ չունենայ հետեւողականութիւն, իր խօսքում նշեց նաեւ, թէ որքան դերակատարութիւն կարող են ունենալ ընտանիքը, ուսուցիչը եւ աշակերտը այս գործում: Կրթական խորհրդին դիմելով ասաց, որ անհրաժեշտ է կազմակերպել բազմաշերտ հանդիպումներ եւ քննարկել, թէ ինչ աշխատանքներ կարող են ծրագրւել եւ կատարւել առաջիկայում, որպէսզի գալիք՝ ապագայ սերունդը վտանգի առաջ չկանգնի եւ չհեռանայ իր ինքնութիւնից:
Ծրագրի եզրափակիչ խօսքը վերապահւած էր Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին, որը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնանքի, եւ գոհունակութեան խօսքը՝ ուղղւած Թեմական եւ Կրթական խորհուրդներին, խորհրդաժողովին ներկայ բոլոր անձանց:
Տէր Հօր գնահատմամբ՝ խորհրդաժողովը բովանդակալից էր եւ ուսուցանող: Բոլորս կանգնած ենք հայկականութեան կորստի առջեւ, եւ բոլորս զինւած պէտք է իջնենք կռւի դաշտ պաշտպանելու մեր ազգային նկարագիրը:
Արժանապատիւ քահանահայրը իր խօսքի աւարտին շնորհակալութիւն յայտնեց Կրթական խորհրդին նախաձեռնած երկարատեւ աշխատանքի, կատարած ուսումնասիրութիւնների եւ որպէս աշխատանքի տրամաբանական շարունակութիւն՝ կազմակերպած խորհրդաժողովի եւ դրանից բխող հետագայ անելիքների համար:
Խորհրդաժողովի աւարտին ներկաների կողմից հարցաթերթիկների միջոցով բարձր գնահատանքի արժանացաւ խորհրդաժողովի կազմակերպումը:
Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ