
«ԱԼԻՔ» – Իրանական ԶԼՄ-ների համաձայն՝ նախորդ օրը ԱԳ նախարարի «x»-ի էջում հրապարակւել է հաղորդագրութիւն, ըստ որի՝ «Վերջերս Իրանում տեղի ունեցած ցոյցերի ու ահաբեկչական գործողութիւնների հետեւանքով բազմաթիւ պետական եւ հասարակական շէնքերի ու ենթակառոյցների կողքին վնասւել է նաեւ երկու հայկական եկեղեցի»։
Սակայն մեր թերթի լրագրողի կողմից իրականացւած ճշգրտող հարցումների արդիւնքում պարզւել է, որ մինչեւ լուրը կազմելու պահը Թեհրանում գործող ոչ մի տուժած եկեղեցու մասին տեղեկատւութիւն չի գրանցւել:
Նոյնը հաստատեց նաեւ Թ.Հ.Թ առաջնորդարանի դիւանապետը: Նա «ԱԼԻՔ»-ի հարցին պատասխանելով յստակեցրել է, որ տեղեակ չէ, թէ յատկապէս որ եկեղեցիների մասին է խօսքը՝ նշւած հաղորդագրութիւնում։
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւս պատասխանելով լրագրողիս հարցին նշել է, որ իր ունեցած տեղեկատւութիւնը Թեհրանում գործող եկեղեցիների մասին է, որտեղ չկայ տուժած եկեղեցի:



