Ռուբէն Վարդանեանի մասին Ադրբեջանական ֆիլմին մէջ օգտագործւած տեսանիւթեր նկարահանւած են Հայաստանում՝ այլ նիւթի համար

Ռուբէն Վարդանեանի մասին Բաքւում պատրաստւած «Օլիգարխի նախագիծը» վաւերագրական ֆիլմում օգտագործւած հարցազրոյցների մի մասը նկարահանււած է Հայաստանում՝ բոլորովին այլ ֆիլմի եւ այլ թեմայի համար։ Հարցազրոյց տւած անձինք, ինչպէս նաեւ նկարահանումների տեղական կազմակերպիչ Միքայէլ Դիշունցը յայտնել է, որ տեղեկացւած չեն եղել, թէ այդ նիւթերը կարող են յայտնւել ադրբեջանական քարոզչական ֆիլմի մէջ։
AnewZ ադրբեջանական միջազգային հեռուստաընկերութիւնը 2025 թւականի դեկտեմբերի 20-ին հրապարակեց շուրջ մէկուկէս ժամ տեւողութեամբ ֆիլմ՝ Ղաֆւում բանտարկւած հայ գործարար եւ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի մասին։ Վարդանեանը ձերբակալւել էր 2023 թւականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի բնակչութեան բռնի տեղահանման օրերին, ապա տեղափոխւած Բաքու, որտղ նրա դէմ առաջադրւել են կեղծ մեղադրանքներ։ Նա բազմիցս յայտարարել է, որ ենթարկւել է ճնշումների եւ խոշտանգումների, իսկ իր միջազգային փաստաբանական խմբի մուտքը Ադրբեջան մերժւում է։
Ֆիլմը հրապարակւած է ադրբեջաներէն, ռուսերէն եւ անգլերէն լեզուներով եւ Վարդանեանին ներկայացնում է խիստ բացասական լոյսի տակ՝ մեղադրելով Արցախում ներքին լարւածութիւն սերմանելու եւ հայ-ադրբեջանական խաղաղութեան գործընթացը խաթարելու մէջ։ Որպէս «փորձագէտներ» ներգրաււած են ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հետ կապ ունեցող անձինք։
Ֆիլմում ներառւած են նաեւ հարցազրոյցներ Սամուէլ Բաբայեանի, Գրիգորի Մարտիրոսեանի, Ռուբէն Հայրապետեանի եւ Տիգրան Խզմալեանի հետ, որոնք արւել են իսպանական TPTM Media-ի կողմից՝ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար։
Հայաստանում նկարահանումներն իրականացւել են 2025 թւականի սեպտեմբերին։ Հարցազրոյցները վարել է իսպանական TPTM Media Spain ընկերութեան տնօրէն, լրագրող Կարմէն Տոլորես Ֆրանսիսքօ Մարքէսը, իսկ տեղում աշխատանքները կազմակերպել է ազատ ֆիլմարտադրող Միքայէլ Դիշունցը։ Վերջնիս խօսքով՝ ներկայացւած նախագիծը Հայաստանի մասին ֆիլմ էր, եւ հարցազրոյցները չէին վերաբերում Ռուբէն Վարդանեանին, բացի ընթացքին տրւած առանձին հարցումներից։
Ֆիլմի հրապարակումից յետոյ Դիշունցը կապ է հաստատել Մարքէսի հետ, ով նրան փոխանցել է, թէ իբր ֆինանսական դժւարութիւնների պատճառով նախնական նախագիծը փակել է, իսկ տեսանիւթերը՝ վաճառել:



