Արմենուհի Կիւրեղեան. «Տւեցին Արցախը, կը տան նաեւ ողջ Հայաստանը, ոտքի կանգնել է պէտք սիրելի ժողովո՛ւրդ»

«ԱԼԻՔ» – «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանի խօսքը «Խորհրդարանական շաբաթ»-ում.
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինեանը հանրութեանը ներկայացրեց նիկոլիզմի հիմնական թէզերը:
Թէզ համար 001
էական է համաժողովրդական հանրաքւէով նոր Սահմանադրութեան ընդունումը: Սիրելի հայրենակիցներ, մեր Սահմանադրութեան յօդւածները կարելի է փոփոխել կամ ԱԺ ձայների 2/3-ով, կամ հանրաքւէով, եւ միայն 1,2,3 եւ 203 յօդւածներն են, որոնք փոփոխման ենթակայ չեն:
Փաստօրէն, այս յօդւածներն են խանգարում իրենց: Իսկ ինչո՞ւ: Որովհետեւ 1-ին յօդւածում յղում է կատարւում Հայաստանի Անկախութեան մասին հռչակագրին, նրանում ամրագրւած համազգային նպատակներին: Իսկ Հռչակագրում ասւում է․ կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» համատեղ որոշման վրայ, ինչպէս նաեւ 11-րդ կէտով.
11. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին: Ասել է թէ հրաժարւում են Արցախից ու Ցեղասպանութեան ճանաչումից: Իսկ ինչո՞ւ, որովհետեւ իրենք Ալիեւից ու Էրդողանից նման հրահանգ են ստացել:
Նրանք բազմաթիւ անգամ են ասել, որ իրենք ուզում են պայմանագիր կնքել ոչ թէ օրւայ իշխանութեան, այլ Հայաստանի պետութեան հետ: Նրանք շատ լաւ հասկանում են, որ հէնց իշխանութիւնը փոխւի եւ իշխանութեան գան ազգային ուժեր, իսկ դա անպայմանօրէն լինելու է եւ այն էլ մօտ ապագայում, իրենք կարող են կորցնել այն ամէնը, ինչ ձեռք են բերել ապիկար իշխանութիւնների հետ պայմանաւորւածութիւնների արդիւնքում:
Թէզ համար 002
Նիկոլիզմը յայտարարում է, որ մի կողմից ժողովուրդը պետականակերտ ինստիտուտն է, իշխանութեան գերագոյն կրողը, միւս կողմից՝ ժողովուրդը պետութեան տարածքում ապրող քաղաքացիութիւն ունեցողն է: Հայաստանի ժողովրդի մաս են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Առաջին հայեացքից անմեղ թւացող պնդում, բայց իրականում արդէն թէ ադրբեջանական կողմի, թէ Հայաստանի օրւայ իշխանութիւննեեւրի կողմից բազմիցս յայտարարւել է 300.000 ադրբեջանցիների եւ նրանց սերունդների Հայաստան տեղափոխւելու մի կողմից պահանջի եւ միւս կողմից այդ պահանջը կատարելու պատրաստակամութեան մասին:
Ասել է, թէ մօտ ապագայում այդքան ադրբեջանցի կը գան Հայաստան, կը ստանան քաղաքացիութիւն եւ կը դառնան մեր պետութեան տէրերը:
Ոտքի կանգնել է պէտք, սիրելի ժողովուրդ:
Սրանք իրենց իշխանութիւնը պահելու համար տւեցին Արցախը, սկսել են կտոր-կտոր տալ Հայաստանը, կը տան նաեւ ողջ Հայաստանը: Պէտք է օր առաջ ազատւել սրանցից, եթէ ուզում ենք Հայաստան երկիր ունենալ: Եւ մենք կազատւենք սրանցից:
Համոզւած եղէք»: