«Հայաստան» խմբակցութիւն. «Ամենօրեայ ռեժիմով օգտագործում ենք բոլոր կապերը՝ Բաքւում պահւող հայերին Հայաստան վերադարձնելու համար»

«ԱԼԻՔ» – ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները ամենօրեայ ռեժիմով օգտագործում են բոլոր կապերը, հնարաւոր բոլոր լծակները` Բաքւի բանտերում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, հայ ռազմագերիների ակնյայտ ոտնահարւած իրաւունքները օր առաջ վերականգնելու եւ նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով։ Այս մասին յայտնում է խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։
«Նամակներ են յղւել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրաւունքների զեկուցող Քարին Օդեբրիքին եւ Հարաւային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անյապաղ քայլեր ձեռնարկել Բաքւում գերեվարւած հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դատավարութիւնների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահաւաք առաքելութիւն կազմակերպելու ուղղութեամբ։
Նամակներում մասնաւորապէս շեշտւում է․
«Արդիւնաւէտ միջազգային դիտորդական մեխանիզմների եւ հաշւետւողականութեան գործադրումն անխուսափելի անհրաժեշտութիւն է։ Ադրբեջանին պատասխանատւութեան չենթարկելն ամենաթողութեան եւ անպատժելիութեան աղբիւր է միւս բռնատիրական ռեժիմների համար։ Լիայոյս ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կը ձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրաւունքների ոտնահարման, մասնաւորապէս Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարութեան ապօրինի կալանաւորման եւ նրանց ազատ արձակման ուղղութեամբ:» Հաղորդում է yerkir.am-ը: