Լեւոն Տէր-Պետրոսեան. «Նիկոլ Փաշինեանը Հայաստանի ներքաղաքական կեանքի ապակայունացման գլխաւոր գործօն»

«ԱԼԻՔ» – «Ցանկացած պետութեան ղեկավար, որն, իհարկէ, խելագար չէ, ձգտում է նախեւառաջ կայունութիւն ստեղծել սեփական երկրում։ Լինում են, իհարկէ, իրապէս խելագար առաջնորդներ (Քադդաֆի, Սադդամ Հուսէյն եւ այլք), ովքեր, ակամայ թէ դիտաւորութեամբ այս հրամայականին հակառակ, իրենք են ստեղծում ապակայունութիւն»: Այս մասին գրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը։
«Իսկ ի՞նչ է կատարւում մեր երկրում. Նիկոլ Փաշինեանը վերջին շրջանում հատկապէս, կշտամբանքներով, վիրաւորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտայայտութիւններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած աւելի քան հարիւր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատեալ, բախում են հարիւրաւոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրւած են լինում իրենց բողոքն արտայայտել զանգւածային ցոյցերով, նստացոյցերով, հանրահաւաքներով, փողոցներ փակելով եւ այլն։
Նման իրավիճակ ստեղծւել էր նաեւ 1990-ական թւականներին Սումգայիթի, Կիրովաբադի եւ, մանաւանդ, Բաքւի ջարդերից յետոյ Հայաստանում ապաստան գտած հարիւր հազարաւոր փախստականների պարագայում։ Մեր իշխանութիւնն այդ հարցը լուծեց հետեւեալ կերպ. ստեղծւեց «Հայաստանի Հանրապետութեան յատուկ ծրագրերի պետական վարչութիւն», որը գլխաւորում էր կառավարման մեծ փորձառութիւն ունեցող եւ հասարակութեան յարգանքն ու վստահութիւնը վայելող մի այնպիսի անձ, ինչպիսին էր Վլադիմիր Մովսիսեանը, ով կարճ ժամանակի ընթացքում փայլուն կերպով լուծեց փախստականների խնդիրները, արժանանալով վերջիններիս անկեղծ գնահատանքին եւ երախտագիտութեանը։ Ի դէպ, 2023 թւականին նման մի կառոյց ստեղծելու առաջարկով Փաշինեանին դիմել էր Սամուէլ Բաբայեանը, սակայն մերժում էր ստացել նրանից։
Այսպիսով, մերժելով նման մի աշխատունակ կառոյց ստեղծելու գաղափարը, Փաշինեանը եւ նրա թիմակիցները իրենց քայլերի անարդիւնաւէտութիւնը ստիպւած են քօղարկել ագրեսիւ հռետորաբանութեամբ, փոխանակ այդ հրատապ խնդիրների լուծումը պատւիրակելու արհեստավարժ պաշտօնեաներով համալրւած մի յատուկ մարմնի, որի բացառիկ պատասխանատւութիւնը կը լինէր համակարգւած գործունէութիւնը եւ արցախահայերի արդարացի պահանջների բաւարարումը։ Դրանով նա, ըստ էութեան, ոչ թէ հանգստացնում է արցախահայերին, այլ, ընդհակառակը, նրանց աւելի է մղում շարունակելու եւ թէժացնելու բողոքի ցոյցերը, ակամայ խորացնելով ապակայունութիւնը»,- գրել է նա: