Արմէն Գէորգեան. «Բաքւում հայերի նկատմամբ խայտառակ դատավարութիւնները ցոյց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, եւ ո՛չ էլ կեանքի կոչելու որեւէ խաղաղութեան համաձայնագիր Հայաստանի հետ»

«ԱԼԻՔ» – Բաքւում հայերի նկատմամբ խայտառակ դատավարութիւնները ցոյց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, եւ ո՛չ էլ կեանքի կոչելու որեւէ խաղաղութեան համաձայնագիր Հայաստանի հետ: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բիւրոյի եւ մշտական յանձնաժողովի գործունէութեան հաշւետւութեան ժամանակ յայտարարել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Գէորգեանը․
«Յարգելի՛ գործընկերներ,
Մէկ ամիս է անցել այն պահից, ինչ Հայաստանը եւ Ադրբեջանը յայտարարեցին այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին: Միջազգային հանրութեան կողմից այս լուրն ընդունւեց «կառուցողական խանդավառութեամբ»՝ չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակութիւնը դեռ չի տեսել պայմանագրի տեքստը, որն այդպէս էլ հրապարակւած չէ:
Պայմանագիրը դեռ չի ստորագրւել:
Հայաստանում շատերն այժմ այդ գաղտնի «խաղաղութեան պայմանագիրն» ընկալում են որպէս մի բան, որը մեզ հեռացնում է իրական խաղաղութիւնից: Ապագայի հանդէպ վստահութիւն ստեղծելու փոխարէն ընթացիկ բանակցութիւնները խոր անվստահութիւն են առաջացրել: Խաղաղութեան գաղափարն ինքնին խեղաթիւրւում է, եւ շատ հայեր ցաւալի երկընտրանքի առաջ են կանգնած՝ ընդունել այն որպէս նոր դարաշրջանի մեկնա՞րկ, թէ՞ որպէս վերջնական պարտութեան խորհրդանիշ:
Համոզւած եմ՝ կը համաձայնէք, որ ցանկացած համաձայնագրի արժէք ոչ միայն այն ստորագրելու, այլեւ յստակ երաշխիքների եւ արդիւնաւէտ իրագործման մեխանիզմների առկայութեան մէջ է: Երկարատեւ խաղաղութիւնը պահանջում է զսպումների եւ հաւասարակշռութեան ամուր համակարգեր, յատկապէս՝ փխրուն տարածաշրջանային համատեքստերում: Մեր դէպքում այդպիսի մեխանիզմները լիովին բացակայում են:
Բացի այդ, բանակցութիւնների ընթացքում ի սկզբանէ արդարադատութեան եւ էսկալացիայի նւազեցման խթանմանը միտւած միջոցներն այժմ բացառւած են, եւ Ադրբեջանը ցոյց տւեց, թէ ինչպէս են հեշտութեամբ անտեսւում եւրոպական զսպման մօտեցումները:
Յարգելի՛ գործընկերներ,
Թոյլ տւէք մէկ անգամ եւս ձեր ուշադրութիւնը հրաւիրել Բաքւում հայ գերիների նկատմամբ ներկայումս տեղի ունեցող խայտառակ դատավարութիւնների վրայ: Դրանք շարունակելը յստակ ցոյց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, եւ ո՛չ էլ իրականում կեանքի կոչելու որեւէ խաղաղութեան համաձայնագիր Հայաստանի հետ: Մենք չպէտք է մոռանանք՝ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ համաձայնութիւնները պահպանելու պատմութիւն չունեն, ոչ էլ՝ այդպիսի պատմութիւն կառուցելու մտադրութիւն: Նրանց նպատակը խաղաղ գոյակցութիւնը չէ, այլ «պատմական հնարաւորութեան» օգտագործումը՝ վերջնականապէս լուծելու այն, ինչ նրանք դեռ անւանում են «հայկական հարց»:
Պարոն նախագահ,
Մենք իրաւացիօրէն մշտապէս ուշադրութիւն ենք դարձնում Գազայում տիրող իրավիճակին։ Այդուհանդերձ շարունակում ենք անտեսել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հայկական ժառանգութեան միտումնաւոր ոչնչացումը: Նման աղէտները կանխելու համար ստեղծւած միջազգային մեխանիզմներն ու ինստիտուտները պարզապէս չեն գործում։ Ադրբեջանը շարունակում է խախտել եւ անտեսել միջազգային դատարանների վճիռները, մինչդեռ միջազգային կազմակերպութիւնները տագնապալի անտարբերութիւն են ցուցաբերում հայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հիմնարար իրաւունքների նկատմամբ։
Միջազգային հանրութեան, այդ թւում՝ Եւրոպայի խորհրդի լռութիւնն Ադրբեջանի կողմից միջազգային իրաւունքի բացայայտ խախտումների շուրջ, վկայում է կանոնների վրայ հիմնւած միջազգային կարգի փլուզման մասին»։
Լուրը հաղորդել է tert.am-ը: