Ո՞վ է կառուցելու Ակադեմիական քաղաքը, եւ արդեօ՞ք այն ընդհանրապէս կառուցւելու է
Մինչ այստեղ-այնտեղ առանց մեզ «պայմանաւորւում» են մեզ վերաբերող հարցերի շուրջ, մինչ ադրբեջանցի միանգամից երկու բարձրաստիճան պաշտօնեայ նորից Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը համարել են նախապայման խաղաղութեան համաձայնագիր կնքելու համար, Փաշինեանը զբաղւած է հեծանիւ քշելով ու տասներորդական հարցերով: Մի խօսքով՝ հասարակութեան մի որոշակի շերտին զբաղեցնելով, կամ, ինչպէս ասում են, «լապշա կախելով»: Ի մասնաւորի՝ երէկ եւս, այսպէս ասենք, նա էլի իրականութիւնից փախչելու նշաններ էր դրսեւորել՝ գրառում անելով… Ակադեմիական քաղաքի մասին:
Թէ բա՝ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է»: Աւելին, Փաշինեանը թեթեւակի «սպառնացել» է նաեւ, թէ առաջիկայում տարբեր առիթներով էլի այս իդէա-ֆիքսին կանդրադառնայ, այսինքն՝ Ակադեմիական քաղաքի նախագծի մասին նորանոր մանրամասնութիւններ կը ներկայացնի:
Դեռ մի կողմ թողնենք այն, որ այդ «սուպեր-նախագիծը» աբսուրդի ժանրից է, աւելին՝ շատ մասնագէտներ դա համարում են պարզապէս արկածախնդրութիւն: Նմանապէս, մի կողմ դնենք այն, որ շատ հեռաւոր… հեռանկարի մասին է խօսքը: Դէ, այդպէս, մի 7-ից տասը տարւայ, ինչպէս իշխանութեան ներկայացուցիչներն էին ասում: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հարցեր կան: Ակադեմիական քաղաքի շուրջ այս աղմուկը մէկ անգամ եւս գալիս է ապացուցելու, որ Փաշինեանն ու իր իշխանախումբը ինտենսիւ պատրաստւում են ընտրութիւնների եւ նմանօրինակ «լապշաներ» (եթէ կուզէք՝ արիշտա) են կախում նրանց ականջներից, ովքեր սիրում են իրենց ունկերին նման փաշինեանական մակարոնեղէն կրել: Երկրորդ եւ ամէնից կարեւոր հանգամանքը. ախր, տիկնայք ու պարոնայք իշխանաւորներ, դուք անգամ մետրոյի մէկ կայարան չէք կարողանում սարքել, դուք, ախր, անգամ նորմալ ասֆալտապատում չէք կարողանում անել, ինչ էլ անում էք՝ կիսատպռատ, անորակ, դուք անգամ ջրհեղեղից վնասւած կամուրջները չէք կարողանում գոնէ մասամբ վերականգնել, դուք ինչին ձեռք էք տալիս, միայն աւերում էք: Հիմա եկել, ինչ-որ գերնախագծի մասին էք խօսո՞ւմ:
Թէպէտ, նրանց էլ կարելի է հասկանալ. իրենք էլ գիտեն, որ Ակադեմիական քաղաքը Փաշինեանն ու իր քպ-ական իշխանութիւնը չեն կառուցելու: Իրենց ակնյայտօրէն քիչ է մնացել, այսինքն, ֆիզիկապէս չեն էլ հասցնի մաքսիմում երկու տարում աւարտել, եթէ նոյնիսկ ի վիճակի լինեն: Եւ մեծ հարց է՝ յաջորդ իշխանութիւնները կը ցանկանա՞ն այդ փորձանք-նախագիծը կառուցել, թէ՞ այդ ամբողջ ծրագրից միայն Փաշինեանի հրապարակած «սիրուն նկարներն» են մնալու:
«Փաստ»