Դաւիթ Գալստեան. «Փաշինեանին ձեռնտու չէ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձը. նրանք իրականութիւնը կը ներկայացնեն»
Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովի հարցազրոյցից շաբաթներ անց ՀՀ Արդարադատութեան նախարար Գրիգոր Մինասեանը լրագրողների հետ զրոյցում հաստատեց ադրբեջանցու ասածը՝ Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէն տեղի կունենայ 2027 թւականին:
Ամիրբէկովը դա ասել էր այն համատեքստում, որ Փաշինեանն Ադրբեջանի կառավարութեան հետ քննարկում է ունեցել եւ ասել, որ Սահմանադրութեան նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թւականին:
168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը նկատել է՝ Փաշինեանը ոչ թէ վերջերս է սկսել Ադրբեջանի իշխանութիւնների հետ համաձայնեցւած քայլեր անել, այլ 2018 թւականից՝ վարչապետի պաշտօնը ստանձնելու օրւանից:
«2018-ից Փաշինեանն Ադրբեջանի իշխանութիւններին որակում էր կիրթ եւ կառուցողական, կատարում էր այնպիսի քայլեր, որոնք ձեռնտու էին Ադրբեջանի իշխանութիւններին: 2018-20 թթ., երբ Փաշինեանի տղան ծառայում էր Արցախում, կար ներքին հրաման՝ որեւէ դէպքում չկրակել ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ, եւ այդ երկու տարում ադրբեջանցիները շատ ինտենսիւ ինժեներական աշխատանքներ կատարեցին իրենց համապատասխան դիրքերում, որից յետոյ յարձակւեցին, եւ սկսւեց պատերազմը: Փաշինեանն ուղիղ կապ էր հաստատում Ադրբեջանի հետ: Փաշինեանը եթէ նախկինում համաձայնեցնում էր, ապա պարտութիւնից յետոյ նրան ուղղակի ստիպում են անել այն, ինչ ձեռնտու է Ադրբեջանին»,-ասել է նա՝ ընդգծելով՝ թէ՛ ռազմի դաշտում, թէ՛ դիւանագիտութեան մէջ մեր թուլութեան պատճառն օրւայ իշխանութիւնն է:
«Փաշինեանն անուղղակի ժողովրդին պատրաստում է, որ մինչեւ 2027 թւականը խաղաղութիւն չի լինելու, պայմանագիրը չի ստորագրւելու, եւ իր համար նոր թէզեր է պատրաստում, որպէսզի ընտրարշաւի ժամանակ կարողանայ խօսել, ժողովրդին հերթական ստերով կերակրել, որ տեսէք՝ բան չի մնացել, հասնում ենք խաղաղութեան պայմանագրին, եւ իմ ընտրւելու դէպքում լինելու է խաղաղութիւն, զոհեր չեն լինելու:
Բայց մենք գիտենք, որ գործ ունենք ադրբեջանցիների հետ, որոնք քնած հային կացնահարում են եւ կացնահարողին հերոսացնում, եւ սին են այն փափագները, թէ այդ ազգի հետ կարելի է խաղաղ ապրել: Ադրբեջանցին ցանկացած պահի հայ սպանելու պատրւակը բաց չի թողնելու: Մինչեւ չհասկանանք, որ այս իշխանութիւնը չարիք է, եւ օր առաջ ազատւելը բխում է ազգի շահից, մենք ունենալու ենք այդ պարտադրանքներն Ադրբեջանի կողմից եւ իշխանութիւն, որն ուղղակի չի կարող չկատարել: Մեր սահման պաշտպանող զինւորների, սպաների, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ստորադասւում է Նիկոլ Փաշինեանի անվտանգութիւնն ապահովող պետական այլ կառոյցների աշխատավարձերին: Այս մարդն աւելի բարձր է գնահատում իր անձնական, քան հայրենիքի անվտանգութիւնը»,-ասել է նա:
Դաւիթ Գալստեանի խօսքով՝ կարող է Ադրբեջանի կողմից լայնածաւալ գործողութիւնների իմիտացիա լինել այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինեանը հերթական պահանջը կատարելուց պայման դնի՝ որպէսզի ինքը շարունակի մնալ իշխանութեան եւ կարողանայ մեղքը բարդել բանակի կարողութեան վրայ կամ ասել՝ ժողովուրդը չպաշտպանեց սահմանը. «Այս ֆոնի տակ կարող է ստեղծւել այդ իմիտացիան եւ լինեն որոշակի ռազմական գործողութիւններ, հերթական տարածքները յանձնւեն Ադրբեջանին եւ դա փորձեն արդարացնել: Սահմանադրութեան եւ Հռչակագրի փոփոխութիւնը նաեւ դրա համար է, որ Արցախին վերաբերող դրոյթները հանեն: Իմ տեղեկութիւններով՝ այս իշխանութիւնները տւել են այդ խոստումը թուրք-ադրբեջանական տանդեմին, որ այլեւս Արցախի մասով նրանք որեւէ հարցադրում չեն անելու, բանակցային օրակարգի մասին չեն խօսելու: Փաստն այն է, որ այսօր նրանք այն իշխանութիւններն են, որոնք փորձում են փակել Արցախի հարցը: Բայց Արցախի հարցը համահայկական հարց է եւ որեւէ իշխանութեան սեփականութիւնը չէ, ես համոզւած եմ, որ դա նրանց չի յաջողւելու»:
Անդրադառնալով Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերաբերեալ ՀՀ իշխանութիւնների լռութեանը, նա նկատել է՝ իրավիճակը պարզ է. «Երբ այսօրւայ իշխանութիւնները մեղադրում են թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի ընդդիմութեանը, թէ իբր Արայիկ Յարութիւնեանի վրայ ճնշում է գործադրւել՝ հրաժարական տայ, եւ դրա պատճառով կորցրեցինք Արցախը, դա իրականութեան հետ որեւէ աղերս չունի: Իրականում, եթէ Արայիկ Յարութիւնեանը լինէր Հայաստանում, այդ հարցերի պատասխանը կը տար, որ իր վրայ ճնշում չի եղել: Եթէ իր վրայ ճնշում եղել է, ապա դա եղել է 2020 թւականի նոյեմբեր ամսին, երբ 4 խմբակցութիւններ գրաւոր ձեւով պահանջեցին Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: Կարող է լինել հակառակը, որ Հայաստանի իշխանութիւնների ճնշման ներքոյ է այդ հրաժարականը եղել: Երբ Արայիկ Յարութիւնեանն իր որոշումը ներկայացնում էր թէ՛ ընդդիմութեանը, թէ՛ իշխող քաղաքական ուժին, շատերը Արայիկ Յարութիւնեանին կոչ էին անում չգնալ այդ քայլին, քանի որ ցնցումները կարող են բերել Արցախի կորստի: Արայիկ Յարութիւնեանն ականջալուր չեղաւ: Նա իր որոշումները կայացնում էր Նիկոլ Փաշինեանի հետ համատեղ քննարկման արդիւնքում: Այսօր Նիկոլ Փաշինեանին ուղղակի ձեռնտու չէ՝ այդ մարդիկ լինեն Հայաստանում, ունենան հնարաւորութիւն ներկայացնելու իրականութիւնը, ինչը կարող է վտանգել եւ, համոզւած եմ, որ վտանգելու է օրւայ իշխանութիւնների թէզերը:
Արայիկ Յարութիւնեանը չէր ուզում Արցախի վերջին նախագահը լինել, եւ տեսնելով, որ ամէն ինչ աւարտւած է, հրաժարական տւեց. նրա հրաժարականը ՀՀ իշխանութեան հետ համաձայնեցւած էր կամ նրանց ճնշման ներքոյ էր»: