Տիրան Խաչատրեան. «Անբարոյականութիւն է ասել, թէ նախկին զէնքերը ժանգոտած էին»
Իրաւունք չունենք անկլաւները յանձնել, նրանք Հայաստանի տարածքն են, պէտք է հանրաքւէի դրւի, ժողովուրդը որոշի, դա Սահմանադրութեան խախտում է: Բացի այդ, անկլաւները տալով հարցը չի փակւելու, նոր պահանջներ է դրւելու, արդէն խօսում են «Արեւմտեան Ադրբեջանի մասին»: Այս մասին «24TV»-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լէյտենանտ Տիրան Խաչատրեանը:
Անդրադառնալով նոր գնւած զէնքերին Խաչատրեանը նշեց, որ կիրառման մէջ չի տեսել, բայց տեղեակ է, որ շատ զէնքեր զօրային փորձարկում չեն անցել, գնւած զինատեսակներ էլ կան, որ տւեալ երկիրը իր սպառազինութիւնում չի ներառել, եթէ արդիւնաւէտութեան բարձր մակարդակ ունեն, ինչո՞ւ իրենց բանակում չի ներառւել:
Անդրադառնալով նախկինում «պիպետկով» զէնք տրամադրելու ՀՀ ԱԳ նախարարի յայտարարութեանը Խաչատրեանը նշեց, որ իր համար վիրաւորական է գործից չհասկացող մարդկանց մեկնաբանելը.
«Իր խելքի բանը չէ, չգիտի ԶՈւ-ն ինչ է, սպառազինութեան համակարգը ինչ կիրառութիւն ունի, վեր է կացել, ասում է՝ նախկինում «պիպետկով» են տալիս: Գնւած զէնքերը եթէ համեմատենք, ՌԴ զէնքերն աւելի բարձր էին, 80-ականի զէնքեր կան, որ կարող են մրցել նաեւ ԱՄՆ-ի հետ, անբարոյական մօտեցում է, թէ ժանգոտած զէնքեր են եղել»:
Դիտարկմանը, թէ Արցախի կորստի համար մեղադրում են նաեւ զինւորականներին, ասում են, եթէ չհանդուրժէին, Արցախի մնացած հատւածը կը պահպանւէր, Խաչատրեանն ասաց՝ իսկ ինչ էին մեզանից պահանջում, յեղաշրջո՞ւմ, զինւորականներից ռազմական յեղաշրջում պահանջողները յետոյ իրենց ազգի դաւաճան էին համարելու, որ լեգիտիմ իշխանութեան դէմ են գնացել:
Խօսելով Արցախի սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին եւ Հայաստանի կողմից չմիջամտելու հանգամանքին՝ Խաչատրեանն ասաց, որ շատ հասկացող զինւորականները դէմ էին Արցախի պատերազմին Հայաստանի չմիջամտելուն, բայց ինչ կարող էին անել. «Գործող բանակի զինւորականները ցաւը սրտերում ասում էին՝ ախր մեր զինակիցները կռւում են, մենք այստեղ ենք»:
Հարցին, թէ պատերազմի օրերին Ազգային հերոսի կոչում էք ստացել, արդեօք վերցրե՞լ էք, գեներալ-լէյտենանտը նշեց, որ կոչումը չի վերցրել, քանի որ յանձնելու կարգը չի պահւել:
Դիտարկմանը, թէ «Ազգային հերոսի» կոչում ստացած որոշ գործիչներ հիմա կալանաւորւած են, Խաչատրեանը պատասխանեց.
«Սողացող արարածից պահանջում էք, որ թռչի՞, սրբութիւն չունեցողից ի՞նչ էք պահանջում, հերոսներին կալանաւորելը ինչպէ՞ս բացատրենք: Մենք հերոսներ չպէտք է ունենանք, իշխանութեանը ձեռնտու չէ, պէտք է լինեն դեֆորմացւած, սկզբունքներ չունեցող արարածներ, որ աթոռներին պինդ մնան»: