Հայաստան - Արցախ

Իրանագէտ. «Ոչ ոք եւ ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարւել Հայաստանի որեւէ սրբազան տարածքից»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.

«Արդեօ՛ք Հայաստանի Հանրապետութիւնը մեր Հայրենի՞քն է։ Իհարկէ՛, ոչ մի կասկած չի եղել, չկայ եւ չի կարող լինել, որ դա այդպէս է։

Սակայն մեր պարագայում հայրենիքի լոկ քաղաքական ներկայիս ընկալումն է վերաբերելի Հայաստանի Հանրապետութեանը, որովհետեւ գոյութիւն ունի նաեւ քաղաքակրթական Հայաստանը՝ այն Հայաստանը, որի մի մասն է միայն Հայաստանի Հանրապետութիւնը։

Ոչ ոք եւ ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարւել, դիցուք, Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարօնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսաւորչական առաքելութեան կենտրոն Գողթնից եւ մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որեւէ այլ սրբազան տարածքից։

Սրբազան, քանզի այդ տարածքներում մինչեւ հիմա էլ ակնառու են մեր սուրբ նախնեաց անխոնջ քաղաքակրթական ոգու եւ ջանքի անջնջելի յիշատակները, որոնք ունեն միայն մէկ տէր՝ հայ ազգը եւ քաղաքակրթական Հայաստանի լոկ մէկ անկիւնում այդ ազգի ստեղծած վեհագոյն քաղաքական միաւորը՝ Հայաստանի Հանրապետութիւնը»։

Related Articles

Back to top button