Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանի արտաքին քաղաքական հերթական մեդիաաղմուկը․ ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել իշխանութիւնն արտաքին դաշտում

Դժգոհելով մօտ մէկ ամիս առաջ Ադրբեջանում Բելառուսի նախագահի յայտարարութիւնից՝ Նիկոլ Փաշինեանն օրերս տեղեկացրեց՝ հայկական կողմի պաշտօնական այցերը Բելառուս դադարեցւում են։

«Բելառուս այլեւս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկօն: Եւ ընդհանրապէս յայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետութեան ոչ մի պաշտօնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»,- ասել էր Փաշինեանը։

Նրա ելոյթից րոպէներ անց ԱԳՆ-ն յայտարարեց, թէ յետ է կանչում Բելառուսում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցութիւնների համար։ Ժամեր անց հետեւեց Մինսկի համարժէք արձագանգը՝ Բելառուսը եւս յետ կանչեց իր դեսպանին, միաժամանակ ընդգծեց՝ չեն պատրաստւում վատթարացնել յարաբերութիւնները Հայաստանի հետ:

«Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, չենք խառնւում ներքին գործերին, յարգում ենք հայ ժողովրդին եւ անկեղծօրէն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապէս կը մտածեն երկրի ապագայի եւ ժողովրդի բարեկեցութեան մասին»,- նշել է Բելառուսի ԱԳՆ-ի խօսնակ Անատոլի Գլազը:

Տելեգրամեան ալիքում Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին էլ գրել էր․ «Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինեանի իմպուլսիւ յայտարարութիւնները, շարունակում ենք յարգել եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարաւոր պատմական կապեր ունի»: Դիւանագէտը շեշտել է, որ Մինսկը չի միջամտում Երեւանի ներքին գործերին, նոյնն էլ ակնկալում էր Հայաստանի իշխանութիւններից։

«Ուստի որոշ տարակուսանքով հետեւում էինք Հայաստանի ղեկավարութեան ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրայեղականների առաջնորդների հետ»,- ասել էր Շպակովսկին՝ միաժամանակ ընդգծելով, որ դաշնակիցների ընտրութիւնները պաշտօնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է։

Տասնամեակներ շարունակ միեւնոյն կազմակերպութիւններին անդամակցող Հայաստանի ու Բելառուսի միջեւ դիւանագիտական այս ճգնաժամից առաջ՝ անցած մայիսի կէսին, Ալեքսանդր Լուկաշենկօն Իլհամ Ալիեւի հետ քննարկել էր 2020-ի պատերազմը եւ այն, թէ ինչպէս են իրենք ժամանակին հաւատացել Ադրբեջանի յաղթանակին: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինեանը պնդել էր՝ 44-օրեայ պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ առնւազն երկու պետութիւն, մէկը՝ հէնց Բելառուսը:

«Դրանից յետոյ ես պէտք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ, բա դուք չէ՞ք, որ խօսում էք արժանապատւութիւնից, սկզբունքայնութիւնից եւ այդպէս շարունակ, չնայած նաեւ իրավիճակ կայ, որ ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպւած եմ լինելու»,- նշել է Փաշինեանը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Բելառուս-ՀՀ յարաբերութիւններում բռնկւած ճգնաժամին, ասաց, որ դա ըստ էութեան ՀՀ-ՌԴ յարաբերութիւններում առկայ ճգնաժամի մի բաղադրիչն է։

Ըստ նրա, Բելառուսից եղել է յայտարարութիւն, որը հիմք է դարձել այս ճգնաժամի համար, սակայն սա հայկական կողմի համար լաւ առիթ էր՝ ստեղծել հերթական մեդիաաղմուկը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի դէմ։

«Ի վերջոյ, թեման կրկին ՀԱՊԿ-ն է, եւ, ինչպէս Փաշինեանն է յայտարարել, ՀԱՊԿ անդամ երկու երկրները, որոնցից մէկի՝ Ռուսաստանի եւ ՌԴ առաջին դէմքի դէմ բացայայտ դեմարշներ հայկական կողմը խուսափում է իրականացնել։ Ինչպէս գիտէք՝ նախարարների մակարդակով շփում չկայ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, բայց ղեկավարների մակարդակում ինչ-որ ֆորմալութիւններ պահպանւում են։ Սակայն այն, ինչ ասւեց Լուկաշենկոյի մասին, կարծում եմ, ինչ-որ առումով յայտարարութիւն էր եւ քայլ նաեւ Ռուսաստանի դէմ, վերաբերելի էր Ռուսաստանին, յատկապէս, եթէ հաշւի առնենք յատկապէս այս տարի ՀՀ իշխանութիւնների բացայայտ արեւմտեան քաղաքականութեան որդեգրումը։

Միւս կողմից՝ լաւ առիթ էր այս յայտարարութիւններով կրկին աչքի ընկնել Արեւմուտքում, քանի որ, ըստ ամենայնի, արեւմտեան համայնքում տրենդային է քննադատել նաեւ Լուկաշենկոյին ՌԴ-ի միակ վստահելի դաշնակցութեան համար։ Հայկական կողմը լաւ է հասկանում, որ այցերի բացակայութիւնից Բելառուսը չի տուժելու, չի մտահոգւելու, սակայն սա իսկապէս դարձաւ այնպիսի մեդիաաղմուկ, որը յայտնւեց արեւմտեան մամուլում եւ իր գործն արեց ընդհանուր արեւմտեան քարոզչութեան շրջանակում։ Իսկ ՀՀ իշխանութիւնները դա սիրում են անել եւ որպէս այդպիսին՝ սա նման առաջին դէպքը չէ»,- 168.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Տարասովը։

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի՝ Երեւան կատարած այցի ընթացքում խօսւեց հայ-ամերիկեան յարաբերութիւնների մակարդակը բարձրացնելու մասին։ «Բնականաբար, սա իրենից ենթադրում է, որ խաղադրոյքները մեծանում են, ՀՀ-Արեւմուտք յարաբերութիւնները, պահանջները եւ փոխադարձ քայլերը աւելի բովանդակային դառնում, Ռուսաստանի դէմ աւելի «բարձր» պէտք է խօսել, աւելի լուրջ քայլեր պէտք է անել, սակայն Հայաստանն այդ քայլերն անելու ռեսուրս չունի։ Ուստի մնում է՝ տեղեկատւական դաշտում գործունէութիւնը ցոյց տալու համար, որ քաղաքականութիւնը եւս այդքան սուր է։ Սակայն ՀՀ-ն յայտարարում է, որ չկայ իր օրակարգում ԵԱՏՄ-ն լքելը, դա արդէն իսկ կարեւոր ու խօսուն յայտարարութիւն է, ինչը ցոյց է տալիս, որ ՀՀ արեւմտեան գործընկերները չեն կարող ՀՀ-ին ապահովել այնպիսի արդիւնքներով եւ օգուտներով, ինչպիսին ԵԱՏՄ-ն»,- նկատեց Տարասովը։

Related Articles

Back to top button