Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դէ որ թուրքասիրութիւնն է պատճառը՝ Լուկաշենկօն էլ Փաշինեանի հետ չի շփւի

ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆԵԱՆ

 

Ինչ եղաւ Փաշինեանին, ինչ եղաւ, ինչու համ էլ Լուկաշենկոյի շլնքից կախւեց, դեսպան է Բելառուսից յետ կանչում «խորհրդատւութեան համար», ասում է՝ ոտքս չի լինի այնտեղ, քանի դեռ նախագահը Լուկաշենկօն է։

Ում է վախեցնում, ինչ է հրահրում։ Ոչ մի նոր բան չեղած ինչու յանկարծ յիշեց Լուկաշենկոյին, ինչու է երկիրը քաշում նոր արտաքին ընդվզման մէջ։ Փաշինեանը, որ ամէն ինչ, ԱՄԷՆ ԻՆՉ անում է, որ յանկարծ պատերազմ չսկսւի, ինչու բռնեց ու նեղացաւ Լուկաշենկոյից։

Մի՞թէ հայրենասիրութիւնն է պատճառը։

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը գրում է. «Հայաստանում տարածւող թուրքական կեղծ ինքնիշխանութիւնն այն է, որ Հայաստանի դէ-ֆակտօ ղեկավարը յայտարարում է, որ չի այցելելու ՀԱՊԿ անդամ Բելառուսիա, «որովհետեւ վերջինս Ադրբեջանին ու Թուրքիային սատարել է պատերազմում»։

Բայց եթէ յիշենք, որ Փաշինեանը ջրի ու ոտաց ճամբայ է դարձրել Թուրքիա գնալը, երդմնակալութեան մասնակցելը, կիրթ Ալիեւի հետ հանդիպումները, նրանց զւարճացնելը (տես նկարը), ստացւում է… խա՞նդն է պատճառը։

Իսկ իրականում պատճառը իր իշխանական աթոռի յանկարծակի ճօճումը զգալն է։ Նիկոլ Փաշինեանը ձեռքը ուր ասես գցում է՝ էլ հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ, էլ ՀՀ ու ԱՄՆ կառավարութեան համատեղ յայտարարութիւն, էլ Ռուսաստանի օրւայ հետ կապւած դարաւոր Պուտինի… ներողութիւն՝ դարաւոր բարեկամ Ռուսաստանի ղեկավար Պուտինին յուզիչ ու կրքոտ շնորհաւորանք։

Տեսաւ չի անցնում՝ ոստիկաններին պարգեւների խոստում ԱԺ բուֆետից… ներողութիւն՝ ԱԺ ամբիոնից, յետոյ երեւի ըմբոշխնեց ոստիկանների գործողութիւնները՝ խաղաղ ցուցարարների դէմ լուսաձայնային նռնակների օգտագործումը, ծեծը, առեւանգումը։

Երէկ գեներալների, որ իր հրամատարութեան տակ ու իր հրամաններով են գործել անւանեց դաւաճան՝ յուսալով ազդել որդեկորոյս ծնողների վրայ։ Այսօր արդէն անցաւ արցախահայութեանը՝ իբր Արցախը տւեցիք, հիմա ուզում էք Հայաստանը տալ։ Ո՞վ տւեց Արցախը, ով իր կոտրած ձեռքով ստորագրեց Արցախի պարտութեան փաստաթուղթը, ո՞վ բանաւոր պայմանաւորւածութեամբ տւեց այն մնացածը, ինչը Ալիեւը պատերազմով ու ամենաբարձր հրամանատարութեան դաւաճանութեամբ անգամ չէր կարղացել գրաւել։

Ո՞վ յայտարարեց Արցախի Հանրապետութեան չլինելու մասին ու անւանեց Ղարաբաղ՝ Ադրբեջանի կազմում։

Ո՞վ էր գոռգռում՝ դուք ՀՀ քաղաքացիների վրայ, թէ՝ դուք չպիտի ասէք, թէ թուրքը ուր չգայ։ Ո՞վ սկսեց տալ Հայաստանը, ներս կարել սահմանները, ոչ միայն չէզոք գօտիներ չթողնելով, այլեւ Ադրբեջանը բերելով հայաստանեան դպրոցի լուսամուտների առաջ։

Դու, Փաշինեան։

Դու՝ քո թուրքասիրութեամբ։

Հիմա նոյն բանի համար ինչո՞ւ ես նեղանում Լուկաշենկոյից։ Դէ որ այդպէս է՝ ինքն էլ քեզնից կը նեղանայ կարճ խելքի ու երկար լեզւի համար։ Չէ՞, բածկայ։ Բայց յետոյ չմոռանաք համբուրւել, երբ կը հանդիպէք Էրդողանի կամ Ալիեւի որեւէ ուրախ խնջոյքում։

Panorama.am

Related Articles

Back to top button