Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գէորգ Դանիէլեան. «Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտւել են հէնց սեփական սահմանադրութեամբ»

«ԱԼԻՔ» – Իրաւական գիտութիւնների դոկտոր պրոֆեսոր Գէորգ Դանիէլեանը գրում է.

«Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրութիւն, պարիտետի պատրանք ստեղծելու պրիմիտիւ, բայց եւ նենգ հնարքի է դիմում՝ թէ բա ադրբեջանում 2025 թւականը հռչակում ենք «Սահմանադրութեան եւ ինքնիշխանութեան տարի», ինչի արդիւնքում եւս կը վերանայենք սահմանադրութիւնը։

Սա գայթակղիչ ձեւն է, իսկ բովանդակութիւնը, ինչպէս միշտ, ճիշտ հակառակն է։ Մինչ Հայաստանում պատրաստւում են հանիրաւի վերանայել Սահմանադրութիւնը, մերժելով «Հայաստանի անկախութեան մասին» Հռչակագիրը, ըստ այդմ էլ ազգային ինքնութեան եւ ինքնիշխանութեան հիմնարար արժէքները, որոնք Ադրբեջանը, օգտւելով պատեհ առիթից, որակել է իբրեւ ագրեսիւ յաւակնութիւններ, նոյն Ադրբեջանում պաշտօնապէս յայտարարում են, որ 1991-93 թթ. նախկին իշխանութիւնները եղել են թուլամորթ եւ հրաժարւել են իրենց պատմական տարածքներից (տեղեկացնենք, որ այո՝ Ադրբեջանի սահմանադրութիւնում անգամ ակնարկ չկայ Արցախի մասին, թէպէտ՝ առ այսօր մի ամբողջ գլուխ են նւիրել ամբողջովին հայաթափւած Նախիջեւանի ինքնավար հանրապետութեանը), ուստի նոր սահմանադրութեամբ պէտք է վերականգնել արդարութիւնը։ Ի դէպ, Ալիեւ կրտսերը փորձել է լղոզել այն փաստը, որ սահմանադրութիւնը, այնուամենայնիւ, ընդունւել է հօր օրօք՝ 1995 թ.։

Ստացւում է, որ անգամ Ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտւել են հէնց սեփական սահմանադրութեամբ, սակայն, հաշւի առնելով անպատիժ ոճրագործութիւնների արդիւնքում ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի մի շարք տարածքների բռնազաւթման իրողութիւնը եւ հետագայ ակնկալիքները, փորձում են անարգել օրինականացնել այդ ամէնը։

Յ. Գ. – Սա աւելորդ անգամ ապացուցում է, որ սեփական սահմանադրութեամբ Արցախն իր կազմում չամրագրած պետութիւն կոչւածը պարզապէս չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որեւէ յաւակնութիւն ունենալ …»։

Panorama.am

Related Articles

Back to top button