Պուտինը փորձեց թուլացնել հակառուսական արշաւի ուժգնութիւնը
«ԱԼԻՔ» – Օրեր շարունակ Ադրբեջանում, Ղազախստանում, Ուկրաինայում եւ արեւմտեան առաջատար երկրների կողմից ծաւալւող հակառուսական հիստերիայի ֆոնին Ռուսաստանի նախագահը ներողութիւն խնդրեց Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած աւիաւթարի կապակցութեամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադէպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։
Այդ մասին Վլադիմիր Պուտինը յայտնել է դեկտեմբերի 28-ին Իլհամ Ալիեւի հետ հեռախօսազրոյցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնութեամբ։
«Նշւել է, որ ադրբեջանական մարդատար ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանաւակայանում։ Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը եւ Վլադիկաւկազը յարձակման են ենթարկւել ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, եւ ռուսական հակաօդային պաշտպանութեան համակարգերը յետ են մղել այդ յարձակումները»,- յայտարարել է Կրեմլը։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրութեան՝ Իլհամ Ալիեւը նշել է, որ ինքնաթիռը, գտնւելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկւել է արտաքին ֆիզիկական եւ տեխնիկական ազդեցութեան եւ ամբողջութեամբ կորցրել է կառավարումը, ուղարկւել է Ակտաու քաղաք եւ «կարողացել է արտակարգ վայրէջք կատարել միայն օդաչուների քաջութեան ու պրոֆեսիոնալիզմի շնորհիւ»։
Նա ընդգծել է, որ ինքնաթիռի կմախքի վրայ բազմաթիւ անցքեր են եղել, ուղեւորներն ու անձնակազմի անդամները դեռ օդում գտնւելիս վիրաւորւել են օտար մասնիկներից, որոնք յայտնւել են ինքնաթիռի ներսում, եւ, որ ողջ մնացած բորտուղեկցորդների եւ ուղեւորների ցուցմունքները հաստատում են արտաքին ֆիզիկական եւ տեխնիկական ազդեցութեան փաստը։ ՌԴ Քննչական կոմիտէն քրէական գործ է յարուցել Քրէական օրէնսգրքի 263-րդ յօդւածի յատկանիշներով։
Նոյն օրը ՌԴ նախագահը հեռախօսազրոյց է ունեցել նաեւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ: ՌԴ նախագահականի տարածած հաղորդագրութիւնում ասւում է․ «Կողմերը ելնում են նրանից, որ Ղազախստանի կառավարական յանձնաժողովը, որը հետաքննում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները, կը ներգրաւի փորձագէտներ Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Բրազիլիայից՝ վթարի վայրում յայտնաբերւած թռիչքի ձայնագրիչների վերծանման գործին։ Ղազախստանի տարածքում իրականացւող այս աշխատանքը կը լինի օբիեկտիւ եւ թափանցիկ»։
Դեկտեմբերի 25-ից սկսած Ղազախստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը եւ մի շարք այլ երկրներ ակտիւօրէն անդրադառնում են այս թեմային, օգտագործում այն ՌԴ-ի դէմ, թեման վերածելով աշխարհաքաղաքական լուրջ գործիքի ՌԴ-ի դէմ։
Մեկնաբանելով աղէտը, որի հետեւանքով զոհւել էր 38 մարդ, Սպիտակ տունը յայտարարել էր, թէ ԱՄՆ-ը տեսել է ապացոյցներ, որոնք վկայում են ռուսական ՀՕՊ-ի կողմից հարւածի հնարաւորութեան մասին։
Օդանաւը շահագործող «Ադրբեջանական աւիաուղիներն» էլ պնդել էր, թէ ըստ նախնական տւեալների՝ վթարը տեղի է ունեցել «ֆիզիկական եւ տեխնիկական արտաքին ազդեցութեան» պատճառով: Մի շարք ընկերութիւններ, այդ թւում՝ «Ադրբեջանական աւիաուղիները», յայտարարել են, թէ ժամանակաւորապէս դադարեցնում են թռիչքները ռուսաստանեան քաղաքներ։ Նման որոշում էր կայացրել նաեւ «Թուրքմենական աւիաուղիները»։
Ռուս ռազմական վերլուծաբան Պաուէլ Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ ռուսական կողմը փորձեց մեղմել այն արշաւի ուժգնութիւնը, որն այս օրերին ծաւալւում է իր բնոյթով ողբերգական, սակայն միջադէպի տեսանկիւնից կասկածելի ու տհաճ իրավիճակի շուրջ։
Վերլուծաբանը գտնում է, որ եթէ գործել է ռուսական ՀՕՊ-ը, ինչի հետեւանքով էլ ինքնաթիռը կործանւել է, ապա դա հնարաւոր չէ եւ անիմաստ է թաքցնել, քանի որ դրա խոցման առանձնայատկութիւնները հեշտ են բացայայտւում։
Ֆելգենգաուերը գտնում է, որ Ղազախստանի նախագահի հետ շփումը նպատակ ունի այս գործընթացի նկատմամբ ուշադրութիւն հրաւիրել, ինչպէս նաեւ զգօնութիւն ցուցաբերել, որպէսզի հետաքննութեան ընթացքում ոչ օբիեկտիւ մօտեցումներ չլինեն։
«Իսկ նման բան հնարաւոր է, քանի որ սովորաբար նման միջադէպերի հետաքննութիւնը տեղի է ունենում այն երկրում, որի օդային տարածքում տեղի է ունեցել միջադէպը։ Միւս կասկածելի հանգամանքն այն է, թէ ինչու է ինքնաթիռն ուղարկւել Ակտաու, երբ կարող էր վայրէջք կատարել ռուսական որեւէ օդանաւակայանում։ Այստեղ չի բացառւում սխալի հաւանականութիւնը, ցաւալի է, սակայն այդպէս կարող է պատահել, եւ նման օրինակներ եղել են պատմութեան ընթացքում»,- ասաց նա։
Ֆելգենգաուերի խօսքով՝ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, բնականաբար, նմանատիպ միջադէպերին այլ ֆոն է հաղորդւում, այն օգտագործւում է քաղաքական հակառակորդների, այս դէպքում՝ Ռուսաստանի դէմ։
«Կարծում եմ՝ հասկանալով, որ շահարկման խոշոր արշաւ է սկսւում, նախաձեռնւեցին զանգեր, ներողութիւն, քրէական գործ, որպէսզի հնարաւոր լինի խուսափել հետագայ լարումից»,- ասաց նա։