Գագիկ Մինասեան. «Հայաստանը կը մնայ մէն-մենակ. Ռուսաստանը նոր վերաբերմունք է ցուցաբերում Հարաւային Կովկասի նկատմամբ»
Նախապէս յայտարարած ժամկէտից երկու ամիս ուշ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ստորագրել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման յանձնաժողովների համատեղ գործունէութեան կանոնակարգը, որը կուղարկւի ՍԴ։
Այս փաստաթղթի վերաբերեալ Արտաքին գործերի նախարարութիւնից որոշ մանրամասներ են յայտնում՝ տեղեկացնելով, որ հէնց այսօր սկսւել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը:
Ուշագրաւ է, որ այդ փաստաթղթի ստորագրումն այսօր տեղի ունեցաւ առանց հայկական եւ ադրբեջանական պատւիրակութեան անդամների դէմ առ դէմ հանդիպման։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի զրուցակից ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասեանի համոզմամբ՝ թէեւ դեռ հրապարակւած չէ այս փաստաթղթի բովանդակութիւնը, սակայն, իր համար աներկբայ է մէկ բան, այդ փաստաթղթով ադրբեջանական կողմն առաջ է տանելու իր օրակարգը, որովհետեւ հայկական կողմից հայկական շահից բխող օրակարգ ուղղակի չկայ։
«Ադրբեջանի կողմից շահարկւող ձեւակերպումներն են այդ փաստաթղթում, ոչ թէ, օրինակ, ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսեանի կողմից ստորագրւած համաձայնագիրը, որով Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները գծւելու էին այնպէս, որ դրանից շահեկան լինէին հայկական դիրքերը։
Այնպէս որ, այսօր ստորագրւած փաստաթղթում այն, ինչ կայ՝ Ալմա Աթայի հռչակագրի յղումը, հայկական կողմի համար արդէն խնդրայարոյց է, որին աւելանում է յաջորդ հարցը՝ իսկ սահմանագծումը եւ սահմանազատումը շարունակւելո՞ւ է այն տեղերից, որտեղով ադրբեջանական զօրքը մխրճւել է Հայաստանի տարածք»,-ասել է Գագիկ Մինասեանը՝ ընդգծելով՝ անկախ նրանից, թէ ի՞նչ բովանդակութեան կանոնակարգ է հաստատւել, փաստ է այն, որ Խաղաղութեան պայմանագիր ասւածը ստորագրելու որեւէ ցանկութիւն ադրբեջանական կողմը չունի, հակառակը, ամէն գնով ունի նպատակ՝ Հայաստանին պահել ճնշման տակ։
ՀՀԿ ԳՄ անդամի խօսքով՝ Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերն ունակ չէ լուծել, այլ նաեւ օրակարգային չի կարողանում դարձնել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը, եւ դա չի անում անգամ այն պարագայում, երբ նոյն ռուսական կողմը պատուհան է բացում արցախցիների՝ Արցախում ապրելու հարցը բանակցութիւնների սեղան վերադարձնելու համար։
«Ռուսաստանը նոր վերաբերմունք է ցուցաբերում Հարաւային Կովկասի նկատմամբ. առաջիկայում լուրջ պայքար կը գնայ դրա համար Վրաստանում։ Պատահական չէ, որ վրացական ընդդիմութիւնն արդէն սկսել է աշխատանք՝ Վրաստանում կայանալիք ընտրութիւններից յետոյ գունաւոր յեղափոխութիւնների սցենարով ինչ-որ բան անելու համար։ Կարծում եմ՝ ընտրութիւններից յետոյ, սակայն, աւելի կամրապնդւեն Վրաստանի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, եւ հէնց այդ պարագայում է, որ Հայաստանը կարող է մնալ մէն-մենակ»,-ասել է Մինասեանը։