ՆԱՏՕ-ն ընդդէմ BRICS-ի Հեգեմոնիան կորցնելու վտանգը հունից հանել է Արեւմուտքին
«ԱԼԻՔ»- ՆԱՏՕ-ի զարգացման Եւրոպական կոմիտէի ղեկավարը պահանջել է BRICS-ին անդամակցող կամ դիմող բոլոր երկրները մասնատել այլ երկրների, որպէսզի նրանց միաւորումը չվնասի ՆԱՏՕ-ի շահերին։
Իր մօտեցումներով ծայրայեղութեան հորիզոններն ընդլայնած աւստրիացի քաղաքական գործիչ Գիւնց Ֆելինգերը, ով այժմ զբաղեցնում է նաեւ ՆԱՏՕ-ի զարգացման կոմիտէի ղեկավարի պաշտօնը, իր միկրոբլոգում նման գրառում տեղադրելով ջղաձիգ կերպով է արձագանգել BRICS-ի հնարաւոր ընդլայնմանը:
Գիւնց Ֆելինգերը հրապարակելով անդամակցող պետութիւնների մասնատւած քարտէզները, որում իւրաքանչիւր տարածաշրջանի համար ոչ միայն պատրաստւած դրօշ եւ անուն կայ, այլեւ՝ տրւել է ինքնութեան յատկանիշ, գրել է. «Ես ցանկանում եմ ապագաղութացման նոր փուլ՝ վերջ դնելու մինչ օրս շարունակւող այդ վերջին կայսրութիւններին, Ռուսաստանի եւ Չինաստանի գոյութեանը: Մենք պէտք է նմանատիպ ծրագրեր պատրաստենք BRICS-ի միւս բոլոր անդամների համար եւս, որպէսզի ձեւաւորւող նոր «Չարորակ առանցքին» վերջ տրւի»։
Թէեւ թւում է, թէ Ֆելինգերն իր ունեցած ծայրայեղական մօտեցումների արդիւնքում է նման հրապարակումներ թոյլ տւել իրեն: Սակայն պատմական փորձն յուշում է, որ նա ՆԱՏՕ-ի վերլուծական կենտրոնների տեսակէտների ու գաղափարների առաջին հրապարակողն է։ Կասկածից վեր է, որ անսպասելի էր ՄԱԿ-ին անդամակցող պետութիւնների ինքնիշխանութեան դէմ ՆԱՏՕ-ի նման յիմարութիւնը, ինչը յուշում է, որ այդ թւով պետութիւններում նման քանակութեան քարտէզով երկրների յօրինման գաղափարի համար ուղեղը, դժւար թէ տեղաւորւած լինի մէկ մարդու գլխում:
Այս կապակցութեամբ ռազմական հարցերով փորձագէտ Քամրան Ջաֆարին «Տելեգրամ»-ի իր ալիքում վերահրապարակելով ՆԱՏՕ-ի պաշտօնեայի «tweet»-ը անդրադարձել է Հիւսիսատլանտեան դաշինքի կազմակերպութեան անփոփոխ կեցւածքին, որի ուղղւածութիւնը նման է այն թունելին, ինչի վերջնամասում երեւացող լոյսը՝ պատերազմի բոցն է միայն:
Փորձագիտական շրջանակների ուշադրութիւնից չէր կարող վրիպել այն փաստը, որ ՆԱՏՕ-ն, որպէս ռուս-ուկրաինական պատերազմի փաստացի կողմ, չի կարող անտարբեր մնալ Մոսկւայի վարած քաղաքականութեան նկատմամբ: Իսկ BRICS-ի հարցով, որի շուրջ միաւորւած պետութիւնների կարողութիւնն առայժմ կազմում է համաշխարհային տնտեսութեան աւելի քան 40 տոկոսը, այդ թւում, նաեւ, էներգետիկ աղբիւր համարւող անդամ երկրների փաստը, Արեւմուտքը մտահոգւելու լուրջ պատճառներ ունի:
Արդէն իսկ հին ճշմարտութիւն է, որ Արեւմուտքը Հարաւսլաւիան կազմաքանդելուց յետոյ, ձգտում է նոյն մեթոդը կիրառել նաեւ իրեն ընդդիմացող աշխարհագրութիւնների հարցում: Մասնատւած երկրների դէպքում էլ որքան փոքր լինեն այդ երկրները, այդքան շատ է լինելու հակադրւածութիւնն ու եղած կախւածութեան հետեւանքով շահերի բախումները:
Փորձագէտի կարծիքով՝ տեղական ԶԼՄ-ները տարբեր պատճառաբանութիւններով աչք են փակում նման կարեւոր խնդիրների վրայ, իսկ սա այն դէպքում, երբ մեր հասկացած Արեւմուտքն իր գրպանում բազմաթիւ երկրորդ պլաններ ունի նպատակին հասնելու համար: «Նրանք տարին մի քանի անգամ նոյն նպատակով համաժողովներ ու հանդիպումներ են կազմակերպում անջատողական համարւող իւրաքանչիւր թեւի հետ: Արդիւնքում, աշխարհում իրենց գերիշխանութիւնը շարունակելու ճանապարհն են ասֆալտապատում կարծես: Առաւել հետաքրքիր փաստն այն է, որ նրանք «բաց» են խաղում եւ այդ համաժողովներն անց են կացւում անջատողական խմբաւորումների առաջնորդների հետ հրապարակային հարթակներում»,- գրել է փորձագէտը:
Ֆելինգերի հրապարակած գրառումը պահի ազդեցութեան տակ տեղադրւած գրառում չէ: Նրա հրապարակած քարտէզները մշակում անցած «երկրորդ պլանի» շարքից են: Նա առաջարկել է Ռուսաստանը բաժանել 34 պետութեան՝ օգտագործելով փետրւարին Եւրոմիութեան նիստի ընթացքում քննարկւած Չեռնոգորիայի փորձւած մոդուլը:
«Նիստի մասին յիշատակւում է «Յետռուսական ազատ ժողովուրդների հինգերորդ ֆորում» ձեւակերպումով: Չեռնոգորցիները սերբ ժողովրդի ենթաէթնոսներից են: Չեռնոգորիան (Մոնտենեգրօ) արգելափակել է Սերբիայի ելքը դէպի Ադրիատիկ ծով: Ուստի, երբ Եւրոմիութեան եւ ԱՄՆ-ի ծրագրով արեւմտամէտ թեւն անցաւ իշխանութեան ղեկին, անմիջապէս Չեռնոգորիան իրեն յայտարարեց անկախ պետութիւն իր առանձին ժողովրդով եւ անցաւ ՆԱՏՕ-ի թեւի տակ»,- յաւելել է Ջաֆարին եւ ընդգծել, որ սա շատ կարեւոր է ապագայի համար։ Իհարկէ, նրանց գաղափարը ոչ միայն Ռուսաստանի կործանումն է, այլեւ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ ցանկացած երկրի, որը կը փորձի չհնազանդւել կամ ընդդիմանալ Արեւմուտքին։
Իսկ ասիացիների ի՞նչն է խանգարում Արեւմուտքին: Այն, որ Ասիան՝ Արեւմտեան պետութիւնների միմեանց դէմ կամ հետ մրցակցելու, կամ նոյնիսկ հաշիւ մաքրելու մրցաբեմն է: Մարտահրաւէրների հիմնական առանցք, որտեղ կայ մեծ քանակութեամբ էժան մարդուժ, էներգետիկ ռեսուրսներ, եւ իհարկէ, հնագոյն մշակութային արժէքների եւ պատմական մեծ ժառանգութեան վրայ հիմնւած շարժառիթներ, որոնք ամէն վայրկեան կարող են վերափոխւել ազգային մտածողութեան եւ տապալել Արեւմուտքի ծրագրերը: «Ահա թէ ինչու, Չինաստանի եւ Ռուսաստանի կազմալուծման ՆԱՏՕ-ի քարտէզում, ականատեսն ենք տասնեակ նոր երկրներ ի յայտ գալուն, որոնք նոյնիսկ մինչեւ Արեւմուտքի մատը գործին խառնւելը, չգիտէին իրենց պատմութեան գոյութեան մասին: Արհեստական էթնիկ «թշնամութիւններ», որոնք լիովին կախւած են Արեւմտեան աջակցութեան աղբիւրների վրայ»։
Փորձագէտը կարեւորել է ՆԱՏՕ-ի քաոսային գաղափարին առնչւելու BRICS-ի պատասխանի էութիւնը, որը դեռ մնում է միայն ենթադրութիւնների եզրերում:
Իրանական փորձագիտական կենտրոնները դեռ մի քանի օր առաջ էին անդրադարձել BRICS վերլուծական կենտրոնի եւ անդամակցող պետութիւնների ուղեղային կենտրոնների միջեւ հանդիպումների կարեւորութեանը: Սա խօսում է այն մասին, որ կողմերը գիտակցում են հակառակորդի էութիւնն ու Արեւմուտքի ապակառուցողական գաղափարների բնոյթը: