NBC News. «Նախագահական ընտրութիւններից ընդամէնը շաբաթներ առաջ Հարիսի եւ Թրամփի միջեւ պայքարը հասել է «մեռեալ կէտի»»
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահական ընտրութիւնների օրւանից ընդամէնը շաբաթներ առաջ փոխնախագահ Քամալա Հարիսի եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մրցավազքը փակուղի է մտել, եւ հարցումները ցոյց են տալիս, որ առանցքային մարտադաշտերում եւ ազգային մակարդակում տարբերութիւնը չափազանց փոքր է: Յայտնում է NBC News-ը:
«Հարցումների արդիւնքները՝ հրապարակային եւ մասնաւոր, այս ընտրութիւններում ամենամօտն են, որոնք ես երբեւէ տեսել եմ»,- ասում է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախկին օգնական Դէն Փֆայֆերը: «Ամէն ինչ թոյլատրելի սխալի սահմաններում է, ուստի մենք գտնւում ենք այն կէտում, երբ սոցհարցումները չեն կարող ձեզ շատ բան ասել, թէ ինչ ուղղութեամբ է ընթանում մրցավազքը»:
NBC News-ի վերջին հարցումը ցոյց է տալիս, որ մրցավազքը հաւասար է ուղիղ 48-48%-ով, ինչը սոցհարցման մասնակից, դեմոկրատ Ջեֆ Հորւիթը, ով հարցումն անցկացրել է հանրապետական սոցհարցման վարիչ Բիլ Մակինտուրֆի հետ, «մեռեալ կէտ» է համարել:
Հանրապետական ստրատէգ Մեթ Գորմանը յետ է նայում 2000 թւականի նախագահական ընտրութիւններին, որոնք, ըստ էութեան, աւարտւեցին Ֆլորիդայում 537 ձայնով եւ Ջորջ Բուշի եւ Ալ Գորի միջեւ երկարատեւ իրաւական պայքարով, որը հասաւ մինչեւ Գերագոյն դատարան:
«Սա կը լինի ամենամեծ դատավարութիւնը՝ Բուշն ընդդէմ Գորի ժամանակներից ի վեր»,- ասել է Գորմանը` նշելով ընտրութիւններից յետոյ նմանատիպ իրաւական պայքարի հաւանականութիւնը: «Պարզապէս երկու կողմերն էլ ունեն շատ աւելի մեծ հնարաւորութիւններ եւ քաղաքական դրդապատճառներ՝ ձգձգելու այս հարցը»: