Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Աթաեւ. «Հայաստանի համար կարեւոր է պահպանել տնտեսութեան ոլորտում Ռուսաստանի հետ փոխգործակցութեան միտումը»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Արթուր Աթաեւը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերութեան համաձայնագրի կնքումը, ինչպէս նաեւ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան պայմանագրի ստորագրումը:

Փորձագէտի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարութեան համար կարեւոր է պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական զարգացման ոլորտում փոխգործակցութեան միտումը:

«Հայաստանի այսօրւայ ղեկավարը յստակ դիրքաւորում է եւրասիականութեան, եւրասիական ինտեգրման եւ Ռուսաստանի հետ ասոցացւող քաղաքական ու ռազմական տարածութիւնից դուրս գալու իր կուրսը։ Նա այս ամէնը չափազանց բացայայտ ասում է ինչպէս միջազգային, այնպէս էլ ներհայաստանեան մակարդակով։

Եւ իմ անձնական կարծիքով դրանից ոչ մի լաւ բան Հայաստանի համար չի լինելու, քանի որ Փաշինեանի (ՀՀ վարչապետ) բանաձեւով քաղաքական եւ ռազմական առումով Հայաստանը դադարում է համագործակցել Ռուսաստանի հետ, իսկ տնտեսական առումով մնում է գործընկեր։ Բայց ամէն ինչ այդքան էլ պարզ չէ, քանի որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկն ասում է, որ Հայաստանի՝ արեւմտեան տարածք մտնելու ինտենսիւութեանը զուգընթաց այլ ինտենսիւութիւն կը լինի՝ Հայաստանի ելքը Եւրասիական տնտեսական տարածքից: Այս առումով Օվերչուկի յայտարարութիւնը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանը չի շահի։ Իսկ հիմա Հայաստանի համար, բացի ռազմաքաղաքական գործօնից, տնտեսական գործօնն առանցքային է։ Ես կասկածում եմ, որ Փաշինեանը կը կարողանար հասնել նման յաղթանակի, եթէ Հայաստանը տնտեսական աճ չունենար։

Հայաստանի քաղաքական ղեկավարութեան համար կարեւոր է թողնել Ռուսաստանի հետ տնտեսական զարգացման ոլորտում փոխգործակցութեան միտումը։ Հայաստանի ԱԳՆ-ի համար կարեւոր է ինչ-որ փուլում ամրագրել, որ Ռուսաստանը պատժամիջոցներ չի ընդունի։ Բայց, ցաւօք, կամ բարեբախտաբար, Ռուսաստանն իր հարեւանների նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու փորձ չունի։ Ուստի այստեղ Հայաստանի մի շարք փորձագէտների եւ քաղաքական գործիչների անհանգստութիւնն իզուր է»,- ասել է Աթաեւը։

Փորձագէտի խօսքով՝ միանգամայն բնական է, որ Իրանը ցանկանում է ստանալ գլոբալ միջուկային տէրութեան՝ Ռուսաստանի լուրջ աջակցութիւնը։

«Այն պայմաններում, երբ Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ գործում են տնտեսական ճնշման աննախադէպ միջոցներ եւ պատժամիջոցների լուրջ ռեժիմ, Թրամփի (ԱՄՆ նորընտիր նախագահ) իշխանութեան գալու պայմաններում, այն միտումների ամրագրումն ու զարգացումը, որոնք ունեն Իրանն ու Ռուսաստանը, միանգամայն բնական գործընթաց է։ Խօսքը, առաջին հերթին, տնտեսական փոխգործակցութեան մասին է, այն աճում է նոյնիսկ աւտոմոբիլային արտադրութեան ոլորտում։ Բայց Իրանի համար շատ կարեւոր է այլ բան, Սիրիան կորցնելուց յետոյ Իրանի համար գլոբալ մարտահրաւէրների եւ սպառնալիքների մակարդակն ու որակը զգալիօրէն աճել է։ Եւ խօսքը միայն Իսրայէլի եւ ԱՄՆ-ի մասին չէ, խօսքը նաեւ արաբա-մահմեդական աշխարհի մի մասի մասին է։ Եթէ Իրանը թուլանայ, նրան կը սկսեն կրծել։ Ուստի բնական է, որ Իրանը ցանկանում է լուրջ աջակցութիւն ստանալ գլոբալ միջուկային տէրութիւնից, որն այժմ ունի թիւ 1 բանակը, որն այժմ դիմակայում է ՆԱՏՕ-ի ամբողջ բլոկին։ Այս պայմաններում այդ իմիջային քայլը լիովին բացատրելի է»,- ասել է Աթաեւը։

Փորձագէտը նաեւ մեկնաբանել է այն լուրը, որ Վրաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցութեան նախաձեռնութիւն, ինչպէս նաեւ, թէ ինչ սպասել Թրամփի առաջիկայ նախագահութիւնից:

Related Articles

Back to top button