Անդրէյ Կլիմով. «Երեւանում, այնուամենայնիւ, հասկանում են՝ իրենց տնտեսական բարգաւաճումն ապահովում է Ռուսաստանը»
«ԱԼԻՔ» – ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտէի փոխնախագահ Անդրէյ Կլիմովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է նախօրէին ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հանդիպումը հայ գործընկեր Արարատ Միրզոյեանի հետ:
«Ամենայն հաւանականութեամբ, Երեւանում, այնուամենայնիւ, հասկանում են, որ իրենց ներկայիս տնտեսական բարգաւաճումը մեծապէս ապահովւած է մեր երկրի հետ երկկողմ յարաբերութիւններով։ Նոյնիսկ ոչ այնքան Եւրասիական տնտեսական միութեան, որքան Ռուսաստանի Դաշնութեան հետ։ Եւ այդ պատճառով, ինչպէս հասկանում եմ, նրանք չեն շտապում խզել յարաբերութիւնները մեզ հետ՝ չստանալով ինչ-որ լուրջ երաշխիքներ, ոչ թէ բանաւոր, այլ ինչ-որ լուրջ, ինչ-որ բոնուսներ իրենց ներկայիս գործընկերներից։ Առայժմ դժւար է ինչ-որ բան ասել, քանի որ, ի վերջոյ, Հայաստանում արտգործնախարարը չէ, որ որոշում է կայացնում, նա միայն դիրքորոշում է յայտնում։ Բայց ամէն դէպքում, օգտակար է, որ մարդիկ հանդիպում են, զրուցում, կարծիքներ փոխանակում, լսում միմեանց դիրքորոշումները, թէ դա ինչի կը յանգեցնի, ցաւօք, առայժմ դժւար է ասել։
Կարելի է ասել, որ այս հանդիպումն ինչ-որ յստակութիւն մտցրեց։ Ի վերջոյ, իզուր չէ Լաւրովն ասում՝ շատ կարեւոր է ուղիղ երկխօսութիւնը, այլ ոչ թէ օգտւել ասեկոսեներից, ԶԼՄ-ների արտատպումներից կամ այլ տեղեկութիւններից։ Այսինքն՝ այս դիւանագիտութիւնը մեգաֆոնային է, այն, իհարկէ, ընդհանրապէս անընդունելի է նման յարաբերութիւններում։ Տեսնենք, թէ ինչպէս եւ ինչ կը լինի գործնականում, քանի որ այն զիգզագները, որոնք մեզ ցոյց է տալիս Երեւանն, իհարկէ, դժւար է բացատրել ողջախոհութեան տեսանկիւնից»,- ասել է Կլիմովը։