Օրեր առաջ ադրբեջանական հետախուզա-դիւերսիոն խումբ է ներթափանցել Արաւուս գիւղ, թողել գրութիւն
«ԱԼԻՔ» – Մօտ 10 օր առաջ Սիւնիքի մարզի Տեղ համայնքի Արաւուս գիւղի ձորակի ուղղութեամբ ներթափանցել է ադրբեջանական հետախուզա-դիւերսիոն խումբ։ Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է «Ազգային վերահսկողութեան համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորեանը:
«Մօտ 10 օր առաջ Տեղ համայնքի Արաւուս գիւղի ձորակի ուղղութեամբ ներթափանցել է թշնամու հետախուզա-դիւերսիոն խումբ։ Մտել են գիւղում գտնւող սրբավայր, հաց կերել, կոտրել սրբապատկերները եւ թողել գրութիւն՝ հետեւեալ բովանդակութեամբ. «Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք եւ անել այն, ինչ ցանկանում ենք»։
Յ. Գ. – Պաշտպանութեան նախարարութեանը խորհուրդ կը տամ ամրաշինական աշխատանքներ կատարել եւ պաշտպանական ուժեր տեղադրել բոլոր այն վայրերում, որոնք պատերազմից յետոյ մնացել են բաց ու անպաշտպան»,- գրել է Գրիգորեանը: