Բագրատ Սրբազանը՝ Մերձաւոր Արեւելքի իրադարձութիւններում ՀՀ հնարաւոր դերի մասին. «Հայաստանը չի կարողանում դերակատարութիւն ունենալ նոյնիսկ իր սեփական շահերը պաշտպանելիս»
«ԱԼԻՔ» – Օգոստոսի 5-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում, Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հերթական հանդիպումն է անց կացրել իր աջակիցների հետ:
Իր ելոյթում Բագրատ Սրբազանն անդրադարձել է Մերձաւոր Արեւելքում ստեղծւած ճգնաժամային իրավիճակին եւ այդ համատեքստում Հայաստանի դերին. «Ես չեմ կարծում, որ Մերձաւոր Արեւելքում մեծ պատերազմ լինի, որովհետեւ որեւէ մէկի շահին չի նպաստում։
Ինչ վերաբերում է Հայաստանի դերին, ապա Հայաստանը չի կարողանում դերակատարութիւն ունենալ նոյնիսկ իր սեփական շահերը պաշտպանելիս, անգամ չի կարողանում Ադրբեջանի ամենակրտսեր չինովնիկի արտայայտութեան դէմ ինչ-որ բան անել»,- նշել է նա:
Խօսելով պայքարի ընթացքի մասին, Սրբազանը յուշել է, որ այն ընթանում է նաեւ հոգեբանական հարթութեան վրայ. «Այսօր գտնւում ենք նաեւ հոգեբանական պայքարի մէջ, մարդկանց փորձում են համոզել, որ ամէն ինչ վերջացել է, գնացէք տներով։
Մենք այդ հոգեբանական պայքարում պէտք է յաղթենք ու շարունակենք մեր անելիքները:
Մի վախեցէք ոչ մի բանից, էս մարդիկ էդքան չկան, որ կարողանան ձեզ վախեցնել։ Այսօր վախեցողը վաղը հարիւրապատիկ է վճարելու դրա համար։
Այս ճանապարհը միակ ճանապարհն է մեր երկիրը չարիքից մաքրելու, այն կեղտոտ արժէքներից, որոնք իրենց փնթի կեանքով բերել ու մտցրել են այստեղ։
Եւ դուք վախի մթնոլորտը հեռացնելով ու ճշմարտութեան ճանապարհով ընթանալով, վկայում էք, որ պատրաստ էք այս չարիքից երկիրը մաքրելու ու մեր տունը վերականգնելու։
Շատ օրհնւէք, ժողովուրդ ջան։»,- յստակեցրել է նա:
Բագրատ Սրբազանը անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների գործելաոճին. «Նա սկսել է արդէն իմ ձեւերն անել, երեխաների գլուխն է շոյում, համբուրում է։ Ամբողջովին փորձում է պատճէնել այն ամէնը, ինչ մենք անում ենք։
Մայիսի 30-ին նեռի գործակալները կալանքի տակ են վերցրել մօտ 20 մեքենայ։ Երկու ամիս է արդէն, ինչ այդ մեքենաները գտնւում են ապօրինի կալանքի տակ։
Սա այն ցուցիչն ու վկայութիւնն է, որ այս նեռի իշխանութիւնը մարդկանց նեղութիւն է պատճառում բոլոր առումներով, փորձում բոլոր հնարաւոր տարբերակներով մարդկանց սահմանափակել, որպէսզի ռիսկ չանեն մասնակցել պայքարին։
Թող Բերքաբերի իր այցն ամբողջութեամբ ցոյց տայ, մանրակրկիտ։ Թող ցոյց տայ, թէ քանի աւտոբուս կարմիրբերետաւոր էին բերել։ Դիլիջանում ամբողջ ճանապարհը փակել էին, անունը դնելով գինու փառատօն»,- ասել է նա: