Փաշինեանի իշխանութեան համար կենսական է հայ ժողովրդին զրկել յաղթանակների ու հերոսականութեան բոլոր յիշողութիւններից

ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏԵԱՆ
24 News-ի գլխաւոր խմբագիր
Ուկրաինայում ՌԴ-ի կողմից ռազմական գործողութիւններ սկսելուց յետոյ քաղաքական ու քաղաքագիտական բառապաշար կրկին յետ վերադարձաւ «դենացիֆիկացիա» տերմինը, որը սկիզբ է առել Օսիի անդամ երկրների՝ (նացիստական Գերմանիա, ֆաշիստական Իտալիա, միլիտարիստական Ճապոնիա) Երկրորդ աշխարհամարտում պարտութիւնից յետոյ։ Այսինքն, այդ երկրներում պէտք էր իսպառ ոչնչացնել ռեւանշիստական տրամադրութիւնները, որոնք արտայայտւում էին ազգայնական/ազգայնամոլական դրսեւորումներով։
Աշխարհի ամենաաղէտալի պատերազմի, ամենասարսափելի յանցագործութիւնների հեղինակ Գերմանիայի ու նրա դաշնակիցների դենացիֆիկացիան պահանջում էր համաշխարհային մարդկութեան բարօրութիւնը, որպէսզի երբեք չկրկնւի այն դժոխքը, որ տեղի ունեցաւ հրեաների ու նւաճւած ժողովուրդների հետ։
Հայաստանում, սակայն, 2018 թ.-ից իրականացւում է դրան հակառակ մի գործընթաց, որը չի կարող կրել «դենացիֆիկացիա» անւանումը՝ հաշւի առնելով դրա իրական ու սկզբնական իմաստը, ուստի եւ կարելի է կիրառել «դենացիոնալիզացիա» կամ «ապաազգայնացում» տերմինը, որը մեր երկրում իրականացւում է «եան» ազգանունը կրող իշխանութիւնների կողմից՝ հիմնական խնդիրն էլ երկրում բոլոր հնարաւոր արժէքների սպանութիւնն է՝ սեփական աթոռները պահպանելու համար։
Հասկանալի է, որ լինելով Արցախը թշնամուն յանձնած իշխանութիւն, նրանք չեն կարող տուրք տալ Հայաստանում որեւիցէ ազգային տրամադրութիւնների բարձրացման, որովհետեւ, եթէ Հայաստանում սկսւի ինչ-որ զարթօնք, այն ուղիղ պէտք է ուղղւած լինի առաջին հերթին Նիկոլի եւ ապա յետոյ՝ արտաքին թշնամու դէմ։
Ուստի եւ պրագմատիկ ու սառը հաշւարկը Փաշինեանի թիմին բերել է այն եզրակացութեան, որ պէտք է ընդունել Հայաստանից դէպի Արեւմուտք ու Արեւելք ընկած թշնամիների պատրոնաժը, պահել սեփական իշխանութիւնը՝ սպանելով հայ ժողովրդին:
Հաւաքական յիշողութիւնն ու այն խորհրդանիշները, որոնց վրայ յենւում է այդ յիշողութիւնը։
Եկէք սկսենք ամէն ինչ հերթով
Փաշինեանի առաջին գործերից մէկը ԵԿՄ նախագահ Մանուէլ Գրիգորեանի կալանաւորումն ու հրապարակային ստորացումն էր։ Պատահական չէ, որ Մանուէլ Գրիգորեանին կալանաւորեցին ոչ թէ ապօրինի զէնքի, ապօրինի գոյքի ու չգիտեմ այլ ինչ-որ ենթադրեալ յանցանքի, այլ «բանակից տուշոնկա գողանալու» մեղադրանքով, որպէսզի նրան դարձնեն բորոտ, հրէշ, ումից երես կը թեքեն անգամ հարազատներն ու ընկերները։ Այս օպերացիան, ինչ խօսք, յաջողւեց, ինչով նաեւ հարւածի տակ դրւեց «յաղթող գեներալի»-ի մասին պատկերացումները։ Դէ համաձայնէք, քանի՞ կոպեկ արժի թէկուզ եւ յաղթող գեներալը, որը «տուշոնկա է գողանում»։
2020 թւականի յուլիսեան մարտերի ժամանակ այս իշխանութիւնը դիրքային կռիւը վերածեց Սարդարապատի նոր հերոսամարտի, բաժանեց մեդալներ ու շքանշաններ, անգամ՝ Ազգային հերոսի կոչում, որին յաջորդեց «հայկական բանակը վճռորոշ գործօն է տարածաշրջանում» էյֆորիկ յայտարարութիւնը։ Եթէ սրան էլ գումարում ես Արայիկ Յարութիւնեանի՝ «Ստեփանակերտի օդը պաշտպանւած է աւելին, քան երբեւէ» ու նոյն Փաշինեանի կողմից հնչեցւած «Արցախը Հայաստան է եւ վերջ» յայտարարութիւնները, ապա երկրում տիրեց ռազմաշունչ մի մթնոլորտ, որը հեշտութեամբ հնարաւոր եղաւ փոխարինել շոկով ու վախով՝ 2020-ի աղէտալի ու չկառավարւող պատերազմի հետեւանքով։ Այսինքն, սկզբում երկրում բարձրացւեցին տրամադրութիւնները, յետոյ այդ տրամադրութիւնները պատկերաւոր «դրեցին մի մեքենայի մէջ» ու հազարաւոր մարդկանց արեան գնով նետեցին անդունդը։ Այնպէս նետեցին, որ դեռ երկար տարիներ ոչ մէկ չհամարձակւէր անգամ խօսել արտաքին թշնամուն ռազմի ճակատում դիմադրելու մասին։
«Դենացիոնալիզացիա» ամբողջ թափով
Առաջին ու հոգեբանական քայլերը իշխանութիւնները սկսեցին այս ուղղութեամբ անել «հարկատուն հերոս է» փիար արշաւով, որի հիմնական խնդիրն էր հասարակութեան մէջ սիմւոլների փոփոխութիւնը։ Այսինքն, հերոսը ոչ թէ Ռոբերտ Աբաջեանն է, որ իր մատաղ կեանքը զոհաբերեց յանուն Հայրենիքի, ոչ թէ Իւանեանն ու Անդրէասեանը կամ այլ հրամանատարներ էին, որ կառավարեցին ինսունականների պատերազմը, ոչ թէ Դուշման Վարդանն էր կամ բազում այլ տղաներ, այլ պետութեանը հարկ տւողը։ Սրանով խնդիր դրւեց հասարակութեան մէջ բարձրացնել «ուտելիքային» ինստիկտը՝ դա փոխարինելով ինքնապահպանման բնազդի ոչնչացմամբ։
Առաջին «մարգարիտներից» յետոյ յաջորդ հարւածն իր վրայ ստացաւ Հայ Առաքելական Եկեղեցին։ Այստեղ Փաշինեանն օգտւեց առանձին հոգեւորականների նկատմամբ հասարակութիւնում առկայ կարծրատիպերից՝ գրոհելով մի ամբողջ ինստիտուտ, որը մեր ինքնութեան անբաժանելի մասն է կազմում։ Միայն խորհրարանում նրա այն յայտարարութիւնը, թէ «Եկեղեցին միշտ էլ գործակալ է եղել» (մէջբերումը գուցէ եւ ճշգրիտ չէ, իմաստն է կարեւոր), հնարաւորութիւն տւեց անցնել խօսոյթում հնարաւոր բոլոր կարմիր գծերը, որի օրինակն, իհարկէ, առաջինը ինքը տւեց՝ սպառնալով «կզցնել հոգեւորականներին»։ Անշուշտ, Եկեղեցու նրա սպասաւորների նկատմամբ հալածանքները շարունակւեցին դրանից յետոյ ու շարունակւում են մինչեւ հիմա։
Բանակն անվտանգութեան երաշխաւորը չէ
Յաջորդ կամ զուգահեռ քայլով, բնականաբար, հարւածի պէտք է ենթարկւէր բանակն իբրեւ ինստիտուտ։ Ասածս ամենեւին չի նշանակում, որ Զինւած ուժերում առկայ խնդիրները չպէտք է վերհանւէին կամ դապատարտւէին, սակայն Փաշինեանը լաւ հաշւարկել էր, որ Յետխորհրդային հայի ինքնութեան ձեւաւորման հարցում բանակն ունի կարեւոր նշանակութիւն, որովհետեւ երբեմնի յաղթանակները հեշտ չի մոռացնել տալը։ Ուստի եւ սկսւեց զինւորականների նկատմամբ հալածանքները, նրանց սկսեցին անւանել «հինգերորդ շարասիւն», «գործակալներ» ու, վերջապէս, պետական դաւաճաններ։ Յանուն անկեղծութեան պէտք է նշել, որ շատ քիչ զինւորականներ ընդդիմացան այս քաղաքականութեանը, նրանք էլ շատ արագ գամւեցին մեղադրեալների աթոռներին, իսկ մնացեալները «աջները քաշեցին» ու շարունակեցին «ծառայութեան իմիտացիա» ձեւացնել, թէ իբր ոչ թէ Նիկոլին են ծառայում, այլ՝ Հայաստանի Հանրապետութեանը։ Սրան յաջորդեց «բանակն անվտանգութեան երաշխաւորը չէ» յայտնի կոնցեպտը, որով ՀՀ քաղաքացիները պէտք է յոյսները կտրէին ռազմի դաշտում հնարաւոր դիմադրութիւն ունենալու մի փոքր յոյսից անգամ ու իբրեւ անխուսափելի եղելութիւն ընդունէին գալիք այն խայտառակ զիջումները, որ պատրաստւում էր եւ պատրաստւում է իրականացնել Փաշինեանն ու իւր թիմը։
Ի սկզբանէ սխալ էր ամէն ինչ
Ամէն ինչ արժէզրկելու ճանապարհին Փաշինեանը հասաւ նաեւ 1988-ի Շարժանը, որի ողնաշարը Արցախի հիմնախնդիրն էր։ Պէտք էր հայ ժողովրդին ցոյց տալ, որ այս Շարժումը, որ յանգեցրեց Անկախ պետութեան ձեւաւորմանը, յաղթանակներին, պետական ինստիտուտների հիմնադրմանը, ի բնէ սխալ էր ու դատապարտւած։ Այսինքն, ոչ թէ «յընթացս ինչ-որ բան այնպէս չգնաց», այլ հիմքն էր սխալ, արմատը, ուստի եւ ինքը ոչինչ չէր կարող անել, «ջեբն էին գցել» երեսուն տարւայ «փտած ծառի նեխած պտուղները»։ Սա էլ կրկին հայ ժողովրդին պէտք է ներշնչեր եւ ներշնչի, որ ազգային-պետական, ամբիցիա ունեցող, տարածաշրջանում մրցակից պետութիւն ունենալու որեւիցէ յաւակնութիւն կարող է աւարտւել կատաստրոֆայով, ուստի եւ մեր խնդիրը տնտեսական գործունէութիւն իրականացնելն է այն տարածքի վրայ, որը հայերին բաժին կը հասնի թուրք-ադրբեջանական ողորմածութեան հետեւանքով։ Իզուր չէին նրա բազմաթիւ յայտարարութիւններն այն մասին, որ մենք կանգած ենք պետականութեան կորստի առջեւ, իսկ իր առաջարկած տարբերակը ոչ թէ քննարկան ենթակայ է, այլ պէտք է դառնայ ժողովրդի գաղափարախօսութիւնը, եթէ չենք ուզում ենթարկւել նոր ցեղասպանութեան։
Դահիճին պէտք է արդարացնել
Սեփական երկրում ազգային արժանապատւութեան կոտրմանը զուգահեռ գերկարեւոր է նաեւ սիմպատիաներով լի մթնոլորտ ստեղծել հարիւրաւոր տարիներ ի վեր քեզ կոտորող թշնամիների նկատմամբ, ինչով եւ հետեւողականօրէն զբաղւած է Նիկոլ Փաշինեանը։ Միայն Ցեղասպանութեան պատճառների շուրջ հանրային կասկածներ առաջացնելուն ուղղւած նրա յայտարարութիւններն «ամէն ինչ արժեն»։ Հասկանո՞ւմ էք, դիմում է նա կոտորածներից մազապուրզ եղած ժողովրդի սերունդներին, եկէք մի հատ դեռ հասկանանք, թէ ինչու որոշեցին մեզ կոտորել։ Այլ բառերով եթէ նկարագրենք Նիկոլի ասածը, կը ստացւի հետեւեալը՝ «էդ մենք ոչինչ չէի՞նք անում, մեզ էլ եկան ու կոտորեցին, հա՞»։ Միով բանիւ, ո՛վ հայ, դու ապրել ես Օսմանեան կայսրութիւնում, ապստամբել ես քո իսկ պետութեան դէմ յօգուտ Ռուսական կայսրութեան ու ստացել արժանի հակահարւած։ Սա է այս քարոզչութեան ամբողջ իմաստը, որ հայն էլ մտածի, թէ հա, բայց իսկապէս, ինչո՞ւ պապերս կոտորւեցին, միգուցէ իրե՞նք են մեղաւոր։ Այն, որ Օսմանեան կայսրութիւնն ուղղակի դժոխք էր հպատակ ու նւաճւած ժողովուրդների համար, այն, որ Օսմանեան կայսրութեան լծից փորձել են դուրս գալ բոլոր հպատակ ժողովուրդները, այն որ բոլորն էլ ապստամբել են, որ չկոտորւեն, արդէն ոչ ոք չի էլ յիշի։
Ոչ թէ Մեծ Հայրենական, այլ Երկրորդ աշխարհամարտ
Նիկոլի ձեռնարկած «դենացիոնալիզացիայի» վերջին արարն այս պահին Մեծ Հայրենական պատերազմում մեր մասնակցութեան նպատակայարմարութեան ու «արդիւնաւէտութեան» հարցն է։ Ուշադրութիւն դարձրէք, նա իր ուղերձում չի էլ կիրառում «Մեծ Հայրենական պատերազմ» տերմինը՝ այն փոխարինելով «Երկրորդ Համաշխարհային պատերազմով», որի հիմնական նպատակը Յաղթանակի օտարումն է։ Եթէ սրան գումարում ենք Հանրայինի քարոզչութիւնը, ստացւում է, որ պէտք է սերմանել հայ ժողովրդին հետեւեալ թէզը, թէ մենք եղել ենք նւաճւած ժողովուրդ, որին քշել են պատերազմ, անիմաստ կորուստներ ենք տւել ու ոչինչ էլ չենք շահել։ Բացի ուղիղ հակառուսականութիւնից, այս արշաւը նաեւ հնարաւորութիւն է տալիս հպարտութեան զգացողութիւն չունենալ Մեծ Հայրենականում մեր հայրենակիցների՝ մարշալների, գեներալների, ԽՍՀՄ հերոսների սխրանքներով ու դրանք ընկալել իբրեւ օտարի յաջողութիւններ։ Եթէ այս յաղթանակը մերը չէ, ու՞մ են պէտք Յովհաննէս Բաղրամեանը, Համազասպ Բաբաջանեանը, Նելսոն Ստեփանեանը կամ Յունան Աւետիսեանը։ Մի օր չեմ զարմանայ, եթէ Փաշինեանը յայտարարի, որ վերջինիս իսկապէս հրել են ԿԳԲ-ի պատւէրով, որպէսզի իր կրծքով փակի գերմանացիների գնդացիրն ու այս կերպ չիրականացի «Իրական Հայաստան» ստեղծելու հիտլերեան ծրագրերը։ Նոյն մոլուցքով է բացատրւում նաեւ Կարմիր Հրապարակում մեր զինւորների բացակայութիւնը։ Որովհետեւ եթէ մեր զինւորները քայլէին, ուրեմն եւ մենք մեզ ընկալում ենք իբրեւ յաղթողների ժառանգներ, իսկ Յաղթանակ բառը զուգակցել այսօրւայ Հայաստանի հետ չի կարելի՝ էքզիստենցիալ վտանգ է ռեժիմի համար։
Ժամանակաւոր է
Եթէ ամփոփեմ, Փաշինեանի իշխանութեան համար կենսական է հայ ժողովրդին զրկել յաղթանակների ու հերոսականութեան բոլոր յիշողութիւններից, կենսական է ներշնչելը, որ մրցունակ, սեփական դիմագիծն ու ծրագրերն ունեցող պետութիւն ունենալը կարող է վերաճել պետականութեան կորստի։ Միայն այս կերպ նա կարող է շարունակել վայելել հայ ժողովրդի թշնամի պետութիւնների հովանաւորութիւնը ու կառավարել երկրում իբրեւ «գաուլեայտէր»։ Իսկ «գաուլեայտէրներին» պէտք է «դենացիոնալիզացիա»։ Ուրախալին այս ամէնի մէջ միայն այն է, որ հայի ինքնութեան ոչնչացման այս պատերազմը կանգ կառնի յաջորդ իսկ օրւանից, երբ Փաշինեանը կիշխանազրկւի, որովհետեւ նրա առաջարկած «գաղափարներն» այնքան օտարածին են, որ չեն կարող ոչ մի ծիլ թողել հասարակութեան մէջ: