Google-ի արհեստական բանականութիւնը լուսանկարներով աւելի ճշգրիտ ախտորոշումներ է կատարում, քան բժիշկները

Google-ը բժշկական արհեստական բանականութեան նոր՝ Articulate Medical Intelligence Explorer (AMIE) համակարգ է ներկայացրել, որը պատկերի վրայ հիմնւած ախտորոշման ճշգրտութեամբ կարող է գերազանցել փորձառու բժիշկներին։
Ինչպէս հաղորդում է Nature հանդէսը, մշակումը հիմնւած է Gemini 2.0 Flash առաջադէմ լեզւական մոդելի վրայ, որը կարող է արդիւնաւէտօրէն մշակել ինչպէս տեքստային, այնպէս էլ տեսողական տեղեկութիւնները։ Այդ համապարփակութիւնը արհեստական բանականութեանը հնարաւորութիւն է տալիս վերլուծել բժշկական տւեալների լայն շրջանակ, ներառեալ սովորական լուսանկարներ, փաստաթղթերի սկանաւորումներ (օրինակ՝ PDF ֆայլեր) եւ լաբորատոր հետազօտութիւնների արդիւնքներ։ Համակարգը ծրագրւել է մաշկային հիւանդութիւնները յայտնաբերելու, էլեկտրասրտագրութիւնները (ԷՍԳ) մեկնաբանելու եւ լաբորատոր հետազօտութիւնների արդիւքնները վերլուծելու համար։
AMIE-ի աշխատանքը գնահատելու համար Google-ի հետազօտողները մի շարք սիմուլիացիոն բժշկական խորհրդատւութիւններ են անցկացրել։ Ստեղծւել է ընդհանուր առմամբ 105 սցենար, որոնցում ներգրաււած է եղել տարբեր ախտանիշներով հիւանդներ ձեւացող 25 դերասան։ Այդ թեստերի ընթացքում ե՛ւ AMIE համակարգը, ե՛ւ որակաւորւած թերապեւտների խումբը ախտորոշումներ են կատարել տրամադրւած տեսողական եւ տեքստային տւեալների հիման վրայ։
Այնուհետեւ անկախ փորձագէտների խումբը գնահատել է երկու կողմերի կատարած ախտորոշումների ճշգրտութիւնը։ Գնահատման արդիւնքների հիման վրայ՝ արհեստական բանականութիւնը բժիշկների համեմատ միջինում աւելի բարձր ճշգրտութիւն է ցուցաբերել՝ բարդ կամ ոչ ակնյայտ պատկերների հետ աշխատելիս յատկապէս ուժեղ արդիւնքներ ցոյց տալով։
Սակայն Google-ի մշակողներն ընդգծում են, որ այս տեսակի սիմուլիացիոն թեստաւորումը իրական կլինիկական պրակտիկային լիովին չի կարող փոխարինել։ Նրանք նշել են հետագայ, աւելի լայնածաւալ, աւելի իրատեսական հետազօտութիւնների անհրաժեշտութիւնը, նախքան AMIE համակարգը լայնօրէն կիրառւի բժշկութեան մէջ։
news.am