Բացայայտւել է մաքրութեան ժամանակ տարածւած մի սովորութիւն, որը բարձրացնում է քաղցկեղի ռիսկը

Կոշտ քիմիական նիւթերով մաքրումը կարող է լուրջ առողջական հետեւանքներ ունենալ, այդ թւում՝ քաղցկեղ, գրում է The Mirror-ը՝ յղում անելով Շրջակայ միջավայրի պաշտպանութեան գործակալութեանը (EPA):
«Քիմիական նիւթերը, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, ֆթալատները եւ ցնդող օրգանական միացութիւնները, որոնք յաճախ հանդիպում են մաքրող միջոցներում, նպաստում են ներսի օդի աղտոտմանը։ Շրջակայ միջավայրի պահպանութեան գործակալութիւնը (EPA) դա կապում է շնչառական խնդիրների եւ ծանր դէպքերում նաեւ պոտենցիալ քաղցկեղի հետ»,- ասում է հրապարակման մէջ։
Նիւթում նշւում է, որ որոշ կենցաղային մաքրող միջոցներ եւ օդը թարմացնող միջոցներ պարունակում են կոնսերւանտներ, որոնք ներառում են փոքր քանակութեամբ ֆորմալդեհիդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ընդգծւում է, որ այս տարրը Ազգային քաղցկեղի ինստիտուտի (NCI) կողմից դասակարգւում է որպէս մարդու համար քաղցկեղածին նիւթ։ Փորձագէտները պնդում են, որ ֆորմալդեհիդի մեծ կոնցենտրացիաների հետ երկարատեւ շփումը կարող է բարձրացնել ուռուցքաբանական հիւանդութիւնների զարգացման ռիսկը։
Ֆտալատները, որոնք սովորաբար հանդիպում են բուրաւէտ արտադրանքում, նոյնպէս մեծացնում են հիւանդութիւնների առաջացման ռիսկը, այդ թւում՝ ազդում են հորմոնների վրայ։
Իր հերթին, ցնդող օրգանական միացութիւնները նոյնպէս նպաստում են օդի աղտոտմանը եւ յանգեցնում շնչառական խնդիրների։
Նշւում է, որ յատկապէս վտանգաւոր է լոգարանում կոշտ մաքրող միջոցների օգտագործումը, քանի որ դա փակ տարածք է՝ սահմանափակ օդափոխութեամբ։
Լուրջ առողջական խնդիրների ռիսկը նւազեցնելու համար արժէ ընտրութիւն կատարել ի օգուտ էկօ-միջոցների, ներառեալ տնային տարբերակները, օրինակ՝ սոդան եւ քացախը։ Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել տան քիմիական նիւթերի բաղադրութեանը։ Նաեւ խորհուրդ է տրւում օդափոխութիւն ապահովել այն տարածքներում, որտեղ մաքրութիւն է կատարւում եւ շարունակել այն աւարտելուց յետոյ եւս կէս ժամւայ ընթացքում, ամփոփւում է նիւթում։
News.am



