Բազուկի հիւթն իջեցնում է տարեցների արեան ճնշումը՝ ազդելով բերանի խոռոչի մանրէների վրայ

Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականները պարզել են, որ խտացւած ճակնդեղի հիւթն օգնում է իջեցնել տարեց մարդկանց արեան ճնշումը՝ փոխելով բերանի խոռոչում մանրէների կազմը։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Free Radical Biology and Medicine (FRBM) բժշկագիտական հանդէսում։
Հետազօտութեանը մասնակցել է 75 կամաւոր՝ 36 տարեց (60-70 տարեկան) եւ 39 երիտասարդ։ Հետազօտութեան արդիւնքում մասնակիցները բաժանւել են երկու խմբի՝ երկու շաբաթւայ ընթացքում կամ ճակնդեղի հիւթ, կամ պլացեբո ստանալու համար։ Մասնակիցներն ըմպելիքը խմում էին օրական երկու անգամ։
Փորձարարական շրջանի աւարտին իւրաքանչիւր կամաւորի բերանի խոռոչի միկրոբիոմը գիտնականները վերլուծել են յաջորդականութեան միջոցով։ Պարզւել է, որ հէնց տարեց մասնակիցների շրջանում էր, որ հիւթը խմելուց յետոյ նկատւել է պոտենցիալ վնասակար մանրէների, օրինակ՝ Prevotella -ի, քանակի նւազում եւ օգտակար մանրէների, օրինակ՝ Neisseria-ի, համամասնութեան աճ։
Նշւած փոփոխութիւնները բարձրացրել են սննդային նիտրատները ազոտի օքսիդի՝ անօթների լայնացումը կարգաւորող մոլեկուլի փոխակերպելու արդիւնաւէտութիւնը։ Արդիւնքում, հիպերտոնիայից տառապող մարդկանց շրջանում արեան ճնշման ցուցանիշները զգալիօրէն նւազել են։ Երիտասարդ մասնակիցների շրջանում նման ազդեցութիւններ չեն նկատւել։
Հեղինակներն ընդգծում են, որ նիտրատ պարունակող սննդակարգը կարող է դառնալ տարիքի հետ սրտանօթային առողջութիւնը պահպանելու մատչելի միջոց։ Գիտնականները յիշեցրել են, որ ճակնդեղից բացի, նիտրատներ կան սպանախի, ցանովի Ճարճրուկի, նեխուրի, դաղձի եւ կաղամբի մէջ։
News.am