Այլ

Օրական 5 բաժակ միրգ-բանջարեղէն ուտող մարդիկ՝ չուտողների համեմատ 16%-ով աւելի լաւ են քնում

Չիկագոյի բժշկական համալսարանի եւ Կոլումբիայի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ օրւայ ընթացքում աւելի շատ մրգեր եւ բանջարեղէն ուտելը կապւած է նոյն գիշերը աւելի լաւ քնի հետ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Sleep Health բժշկագիտական հանդէսում։

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ քնի պակասը կարող է մարդկանց դրդել օգտագործելու ոչ առողջարար, ճարպերով եւ շաքարով հարուստ սննդակարգ։ Սակայն, չնայած հանրային առողջութեան եւ նոյնիսկ տնտեսական արդիւնաւէտութեան համար քնի՝ հեռուն գնացող հետեւանքներին, բժիշկներն ու գիտնականները շատ աւելի քիչ բան գիտեն, թէ ինչպէս կարող է սննդակարգն ազդել քնի ռեժիմի վրայ։

Նոր հետազօտութեան մէջ ընդգրկւած երիտասարդ առողջ չափահասներն ամէն օր յաւելւածների օգնութեամբ հաղորդում էին իրենց սննդի ընդունման մասին եւ կրում էին դաստակի մոնիտոր, որը հետազօտողներին հնարաւորութիւն էր տալիս օբիեկտիւօրէն գնահատել նրանց քնի ռեժիմը: Գիտնականները յատկապէս ուսումնասիրել են «քնի մասնատւածութիւնը». ցուցիչ, որը չափում է՝որքան յաճախ է մարդը գիշերւայ ընթացքում արթնանում կամ խոր քնից անցնում թեթեւ քնի։

Գիտնականները պարզել են, որ օրաբաժնի սնունդն առնչւում է յաջորդ գիշերւայ ընթացքում քնի որակի զգալի տարբերութիւններին։ Մասնակիցները, որոնք օրւայ ընթացքում աւելի շատ միրգ-բանջարեղէն էին ուտում, ինչպէս նաեւ նրանք, ովքեր աւելի շատ առողջ ածխաջրեր, մասնաւորապէս՝ անխառն հացահատիկ էին օգտագործում հակւած էին նոյն գիշեր աւելի խոր եւ չընդհատւող քնի:

Հիմնւելով իրենց արդիւնքների եւ վիճակագրական մոդելաւորման վրայ, գիտնականները հաշւարկել են, որ օրական հինգ բաժակ միրգ-բանջարեղէն ուտող մարդիկ միրգ-բանջարեղէն չուտողների համեմատ են 16%-ով բարելաւում են քնի որակը։

news.am

Related Articles

Back to top button