Ճանաչենք Հայոց աշխարհը

Ելփին, գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։
Ելփինը գտնւում է Վայոց ձորի մարզի հարաւարեւմտեան հատւածում՝ Ելփին գետի ափին։ Բնակավայրի մօտակայքում է գտնւում Թուխ բնակավայրը։ Գիւղը ծովի մակերեւոյթից բարձր է 1545 մետր, իսկ հողատարածքներն ընկած են 1400-ից մինչեւ 2800 մ բարձրութեան վրայ։ Մարզկենտրոն Եղեգնաձորից գտնւում է 26 կմ հիւսիս-արեւմուտք, իսկ մայրաքաղաք Երեւանից՝ 97 կմ հեռավորութեան վրայ։
Ելփինի արեւմտեան կողմով անցնում է Հայաստանի Մ-2 միջպետական աւտոճանապարհը։ Այդ հատւածում լեռներով ձգւում է հայ-ադրբեջանական շփման գիծը, որը Վայոց ձորի մարզը բաժանում է Ադրբեջանի Հանրապետութեան կազմում գտնւող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնից։ Բնակավայրի հիւսիս-արեւմուտքում է Արարատի մարզի Զանգակատուն գիւղը, իսկ հարաւ-արեւելքում՝ Վայոց ձորի Չիւա եւ Ռինդ գիւղերը։
Տարածքի կլիման մեղմ է։ Տարեկան մթնոլորտային տեղումների միջին քանակը կազմում է 280-350 մմ։ Գրանցւած ամենաբարձր ջերմաստիճանը +43 °C է, իսկ ամենացածրը՝ -30 °C։
Ելփին գիւղը վերաբնակեցւել է 1828 թ․ ռուս-պարսկական պատերազմի աւարտից յետոյ՝ պատմական Հայաստանի Սալմաստ գաւառի Բրադես գիւղից գաղթած հայերի կողմից։ Գիւղի ներկայիս անւանումը ձեւափոխւել է պատմական անւանումներից՝ Նրբոյն-Նրբին-Էրփին-Ելփին։
Գիւղի վարչական տարածքում պատմականօրէն գտնւել են Աղոպէն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճաւաձոր, Մոխրոտ եւ այլ բնակավայրեր։ Նախնիների մի մասը 1829-1830 թւականներին է գաղթել Սալմաստից։
Բնակչութիւնը՝ բացառապէս հայեր, դաւանում է հայ առաքելական կրօնը։ 2011 թւականի յունւարի 1-ի դրութեամբ համայնքում կար 259 տնային տնտեսութիւն եւ 1389 բնակիչ, որոնցից 704-ը տղամարդիկ էին, 685-ը՝ կանայք։
Բնակիչներն զբաղւում են հացահատիկի, ծխախոտի մշակութեամբ, այգեգործութեամբ եւ անասնապահութեամբ։
«Պատմամշակութային յուշարձաններ»
Ելփին գիւղում պահպանւել են բազմաթիւ պատմամշակութային յուշարձաններ, որոնց մի մասը 2003 թւականին հաշւառւել է պետականօրէն։ Դրանցից 7-ը ներառւել են ՀՀ պատմամշակութային ժառանգութեան պետական ցուցակում, որոնցից 3-ը հանրապետական, իսկ 4-ը՝ տեղական նշանակութեան են։
Դրանց շարքում են՝
- Գիւղի խիտ կառուցապատւած միջնամասում գտնւող եւ 14-20-րդ դարերով թւագրւող գերեզմանոցը
- Նոյն գերեզմանոցում գտնւող 14-րդ դարի խաչքարը
- Գիւղից 1 կմ հարաւ-արեւելք՝ Ելփին-Եղեգնաձոր ճանապարհի եզրին՝ բարձրադիր տեղանքում գտնւող գերեզմանոցը (14-19-րդ դարեր)
- 17-րդ դարի Թուխ Մանուկ մատուռը
- Նոյն մատուռի հարաւային կողմում տեղադրւած 14-րդ դարի խաչքարը
- Գիւղի հիւսիսային մասում գտնւող 1908 թ. կառուցւած կիսավեր եկեղեցին
- Գիւղից 0.5 կմ հարաւ-արեւելք՝ Եղեգնաձոր տանող ճանապարհի աջ կողմում գտնւող 10-րդ դարի խաչքարը։
ԵԼՓԻՆ ԳԵՏ
Ելփին գետը գտնւում է Հայաստանի Վայոց ձորի մարզում եւ հանդիսանում է Արփա գետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռների հարաւարեւմտեան լանջերից՝ 2950 մետր բարձրութիւնից եւ միանում է Արփա գետին Արենի գիւղի մօտ։ Սնւում է ձնհալքից, անձրեւաջրերից եւ ստորգետնեայ աղբիւրներից։ Վարարում է գարնանը եւ ամռան սկզբին՝ հիմնականում ապրիլից մինչեւ յունիս ամիսներին։
Ելփինից սկիզբ են առնում 22 փոքր եւ միջին ջրանցքներ։ Գետի երկարութիւնը մօտ 23 կմ է, ջրհաւաք աւազանը՝ 130 կմ², տարեկան միջին հոսքը՝ 0.3 մ³/վ։ Հին աղբիւրներում գետը յիշատակւում է նաեւ Աղոպէն անունով։
Ելփինն ունի երկու հիմնական վտակ՝ Կոզուլջաջուրը եւ Շրեշտաջուրը։ Վերջինը իր անունը ստացել է համանուն լեռից։ Տարածքում յաճախ են ջրհեղեղները։ 1931 թւականի ջրհեղեղը լուրջ վնասներ է հասցրել Արենի, Ելփին եւ Չիւա գիւղերին։ Գետի հունի որոշ հատւածներում կառուցւել են ափապաշտպան շինութիւններ։
Ներկայումս Ելփինի ջրերը լայնօրէն օգտագործւում են ոռոգման նպատակով, ինչի հետեւանքով ամռան ամիսներին գետը հաճախ չի հասնում Արփա։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ