ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ
ԱՇՆԱՆ
Նորից անձրե՜ւ, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշութեամբ,
Ի՞նչ խօսքերով երգեմ քեզ…
Քո մշուշը, քո ոսկի
Տերեւները հողմավար,
Դիւթանքը քո մեղմ խօսքի,
Արցունքները քո գոհար…
Հարազատ են իմ հոգուն,
Վհատութեանն իմ խոնարհ,
Ե՛ւ թփերը դողդոջուն,
Ե՛ւ խոտերը գետնահար…
Եւ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խօսքերով երգեմ քեզ…
ԱՆԾԱՆՕԹ ԱՂՋԿԱՆ
Լոյսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսայ քեզ իմ ճամփի մօտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանօ՛թ։
Աղբիւրն անուշ հեքիաթի պէս
Իր լոյս երգով ժպտում էր մեզ.
Դու մօտեցար մեղմ, համրաքայլ,
Որպէս քնքուշ իրիկւայ փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Յայտնւեցիր պայծառ-անձայն.
Անջատւեցինք համր ու հանդարտ,
Կեանքի ճամփին մի ակնթա՜րթ…
ԱՊՐԵԼՈՒՑ ՔԱՂՑՐ Է ՄԵՌՆԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրւելու,
Երազել միշտ քեզ-լինել քեզ օտար…
Ստւերըդ փնտրել ամէն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարօտում անվերջ տառապել
Եւ լինել քեզնից բաժանւած յաւետ…
Ու գերեզմանում սեւ հողերի տակ
Եւ ոչ մի յուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, եւ քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ յստակ…