Օդի աղտոտւածութիւնը բարձրացնում է սրտի յանկարծակի կանգերի հաւանականութիւնը

Միլանի Պոլիտեխնիկական համալսարանի հետազօտողները պարզել են, որ Լոմբարդիայում սրտի յանկարծակի կանգի հաւանականութիւնը նկատելիօրէն բարձրանում է այն օրերին, երբ բարձր է օդի աղտոտւածութեան մակարդակը։ Արդիւնքները հրապարակւել են Global Challenges ամսագրում։
Գիտնականները վերլուծել են 2016-2019 թթ. տարածաշրջանում տեղի ունեցած հիւանդանոցից դուրս սրտի կանգի 37 613 դէպք՝ իւրաքանչիւր դէպքը կապելով օդի հիմնական աղտոտիչների՝ PM₂-5 եւ PM₁₀ մանր մասնիկների, ազոտի երկօքսիդի, օզոնի եւ ածխածնի մոնօքսիդի օրական խտութիւնների հետ։
Տւեալները ստացւել են եւրոպական «Կոպեռնիկոս» ծրագրի արբանեակներից։ Մաթեմատիկական մոդելները թոյլ են տւել հետեւել, թէ ինչպէս են օդի որակի տատանումները կապւած սրտային դէպքերի թւի աճի հետ։
Ամենաուժեղ կապը եղել է ազոտի երկօքսիդինը. մէկ խորանարդ մետրի համար NO₂-ի խտութեան իւրաքանչիւր տասը միկրոգրամ աճի դէպքում յաջորդ իննսունվեց ժամւայ ընթացքում սրտի կանգի ռիսկը մեծանում է եօթ տոկոսով։ PM₂-5 եւ PM₁₀ մանր մասնիկների դէպքում ռիսկը մեծանում է համապատասխանաբար մօտաւորապէս երեք եւ երկուսուկէս տոկոսով, եւ դա արդէն աղտոտւածութեան հետ շփման օրը։
Յատկապէս խոցելի են եղել քաղաքային տարածքները, սակայն նշանակալի կապեր են յայտնաբերւել նաեւ գիւղական վայրերում: Ազդեցութիւնն աւելի ուժեղ է եղել ամռանը, ինչը ենթադրում է ջերմութեան եւ օդային աղտոտիչների միջեւ հնարաւոր փոխազդեցութիւն։
Կարեւոր է, որ ռիսկը մեծանում էր նոյնիսկ պաշտօնական սահմաններից ցածր աղտոտւածութեան մակարդակներում, ինչը նշանակում է, որ, կարծես թէ, անվտանգ շեմ չկայ։
Հեղինակներն ընդգծել են, որ այս տւեալները պէտք է կարեւոր ազդանշան ծառայեն տեղական առողջապահական համակարգերի համար: Ուժեղ թունամշուշի ժամանակ շտապօգնութեան ծառայութիւնները կարող են զանգերի աճ գրանցել, եւ դա պէտք է կանխատեսել։
Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը նշել է, որ օդի աղտոտւածութիւնը ոչ վարակիչ հիւանդութիւնների երկրորդ ամենամեծ բնապահպանական ռիսկի գործօնն է եւ ամէն տարի ամբողջ աշխարհում միլիոնաւոր կեանքեր է խլում: Լոմբարդիան, որը Եւրոպայի ամենախիտ բնակեցւած եւ արդիւնաբերականացւած շրջաններից մէկն է, յատկապէս տուժում է ձմռանը, երբ ջեռուցումը եւ անբարենպաստ եղանակային պայմանները վատթարացնում են օդի որակը։
News.am



