Էդւարդ Շարմազանով. «Միջանցքի մասին Իրանի յայտարարութիւնն ուղղւած է Արեւմուտքին եւ Փաշինեանին»
«ԱԼԻՔ» – Իրանի գերագոյն առաջնորդի յայտարարութիւնն այն մասին, որ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը լինելու է ի վնաս Հայաստանի, ուղղւած է Արեւմուտքին եւ Նիկոլ Փաշինեանին: Այդ մասին News.am -ի թղթակցի հետ զրոյցում յայտարարել է Հայաստանի Հանրապետականկուսակցութեան մամուլի քարտուղար Էդւարդ Շարմազանովը։ Նա յիշեցրել է, որ Իրանը նման յայտարարութիւններ մի քանի անգամ է արել։
«Իրանը դիւանագիտական լեզւով Հայաստանին յայտարարել է, որ սխալ կերպով խաղարկում է Արեւմուտքի խաղաքարտը, եւ դա Թեհրանին ձեռնտու չէ։
Միացեալ Նահանգներն ուղղակի կերպով յայտարարել է, որ ցանկանում է Միջին միջանցք կառուցել Կենտրոնական Ասիայից դէպի Եւրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Չինաստանը։ Փաշինեանն այս նախագծում ընդամէնը գործիք է, բայց տարածաշրջանային երեք խաղացողներից երկուսը դէմ են դրան, քանի որ դա ձեռնտու կը լինի միայն Արեւմուտքին։
Իրանն ու Ռուսաստանը որպէս այլընտրանք առաջարկում են «Հիւսիս-Հարաւ» նախագիծը։ Ընդորում, Հայաստանը Նիկոլ Փաշինեանի ձեռամբ այս հարցում այլեւս ոչինչ չի վճռում: Դա վճռում են տարածաշրջանային ուժերն ու Արեւմուտքը։ Աւելին, Հայաստանի իշխանութիւնների անհեռատես քաղաքականութեան պատճառով բոլոր տարածաշրջանային հաղորդակցութիւնները, ի վերջոյ, կարող են շրջանցել Հայաստանը»,- յաւելել է Շարմազանովը։
Նրա համոզմամբ, եթէ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձի ուժով միջանցք բացել Հայաստանի տարածքով, Իրանն ու Ռուսաստանը ձեռքերը ծալած չեն նստելու։