Ռուսաստանի հետ յարաբերութիւնների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է
Թեհրանում էր ՌԴ ԱԱԽ քարտուղար Սերգէյ Շոյգուն
«ԱԼԻՔ» – Պլանաւորւած աշխատանքային այցով, երէկ՝ օգոստոսի 5-ին Թեհրան էր այցելել ՌԴ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Սերգէյ Շոյգուն:
Աշխատանքային կարճատեւ այցի ընթացքում Շոյգուն հանդիպել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի եւ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերիի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցութեան մի շարք հարցեր, այդ թւում՝ անվտանգութեան եւ առեւտրատնտեսական նախագծերի ոլորտում։ Նրանք շօշափել են նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգութեան թեմաներ։
Նախագահ Փեզեշքիանը բարձրաստիճան հիւրի հետ հանդիպման ժամանակ յատուկ կարեւորել է Ռուսաստանի հետ Իրանի յարաբերութիւնները՝ նշելով, որ Մոսկւայի հետ յարաբերութիւնների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականութեան կարեւոր առաջնահերթութիւններից մէկն է, եւ անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջեւ համաձայնագրերի իրականացումը:
«Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժւար պահերին, եւ նման ռազմավարական գործընկերոջ հետ յարաբերութիւնների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Կարծում ենք՝ աշխարհում որոշ տէրութիւնների, դրանց թւում՝ ԱՄՆ-ի գերազանցութեան դարաշրջանն աւարտւել է։ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ բազմաբեւեռ աշխարհը խթանելու նպատակով համագործակցութիւնը, անշուշտ, կը հանգեցնի աշխարհում անվտանգութեան եւ խաղաղութեան հետագայ խթանմանը»:
Փեզեշքիանը անդրադարձել է նաեւ Գազայում Սիոնիստական ռեժիմի կատարած սարսափելի յանցագործութիւններին եւ տարածաշրջանում ճգնաժամ լարելու այս ռեժիմի գործողութիւններին. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ոչ մի կերպ չի ձգտում ընդլայնել պատերազմի ու ճգնաժամի շրջանակը տարածաշրջանում, սակայն այս ռեժիմը միանշանակ կը ստանայ իր յանցագործութիւնների ու ամբարտաւանութեան պատասխանը»,- յստակեցրել է նախագահը:
Շոյգուն, իր հերթին, յայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում Ռուսաստանի առանցքային եւ ռազմավարական դաշնակիցներից մէկն է։ Երկու երկրները փորձում են ստեղծել բազմաբեւեռ աշխարհ եւ ապահովել տարածաշրջանի անվտանգութիւնը. «Երկու երկրների յարաբերութիւնները բոլոր ոլորտներում զարգանում են եւ լաւ հեռանկարներ ունեն»,- շեշտել է նա:
Ռուսաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարը նաեւ ընդգծել է իր երկրի շահագրգռւածութիւնը երկու երկրների միջեւ համատեղ նախագծերի, այդ թւում՝ «Հիւսիս-Հարաւ» միջանցքի աւարտն արագացնելու հարցում. «Ռուսաստանը մեծ նշանակութիւն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ համագործակցութեանը այնպիսի միջազգային կազմակերպութիւններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, BRICS-ը եւ Շանհայը, եւ մենք կը փորձենք ընդլայնել այդ համագործակցութիւնները»,- յստակեցրել է Շոյգուն:
ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպման ժամանակ, կողմերը նոյնպէս կարեւորել են երկկողմ ռազմավարական նշանակութեան յարաբերութիւնների ընդլայնումը:
«Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ յարաբերութիւնները ռազմավարական են, խորն ու երկարաժամկէտ, եւ չեն խաթարւի կառավարութիւնների փոփոխութեամբ: Կասկած չկայ, որ նոր կառավարութեան ժամանակշրջանում եւս երկու երկրների յարաբերութիւններն ու փոխգործակցութիւնը կընդլայնւի»,- յայտնել է գեներալ Մոհամմադ Բաղերին:
Սէրգէյ Շոյգուն նոյնպէս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համապարփակ համագործակցութեան:
Ալի Աքբար Ահմադիան-Սերգէյ Շոյգու հանդիպման ժամանակ, կողմերը նոյնպէս քննարկել են երկկողմ յարաբերութիւնների օրակարգին վերաբերող թեմաներ, անդրադարձել են տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումներին, եւ ընդգծել են տարբեր ոլորտներում, յատկապէս՝ անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտներում փոխգործակցութեան համապարփակ մակարդակի ընդլայնման կարեւորութիւնը:
Յատկանշական է, որ հանդիպումների աւարտից յետոյ Շոյգուն հեռացել է Թեհրանից եւ մեկնել է Բաքու: Ռոսւական աղբիւրները վկայակոչելով մի շարք իրանական թելեգրամեան ալիքների գրել են, որ ՌԴ ԱԱԽ քարտուղարը մեկնել է Բաքու, որպէսզի Ադրբեջանի իշխանութիւններին զգուշացնի ձեռնպահ մնալ Իրան-Իսրայէլ հնարաւոր հակամրտութիւնում միջամատութիւնից: