Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների 5-րդ փուլը տեղի կունենայ վաղը՝ մայիսի 23-ին

«ԱԼԻՔ» – Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցութիւնների 5-րդ փուլը տեղի կունենայ Հռոմում, վաղը՝ մայիսի 23-ին: Այս մասին յայտարարել է կողմերի միջեւ բանակցութիւնների համակարգող, Օմանի ԱԳ նախարար Բադր Ալբուսաիդին:
«Իրանա-ամերիկեան բանակցութիւնների 5-րդ փուլը տեղի կունենայ Հռոմում, այս ուրբաթ՝ մայիսի 23-ին»,- գրել է նա Х սոցիալական ցանցի իր էջում։
Աւելի ուշ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային տեղեկացրել է, որ Իրանն ընդունել է մայիսի 23-ին բանակցութիւնների հերթական փուլն անց կացնելու մասին Օմանի ԱԳ նախարարի առաջարկը՝ նշելով. «Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակցային թիմը վճռակամ է խաղաղ միջուկային էներգիայից օգուտ քաղելու Իրանի ժողովրդի գերագոյն իրաւունքների ու շահերի պաշտպանութեան հարցում, ներառեալ ուրանի հարստացումը եւ ճնշող պատժամիջոցների վերացումը, եւ այս հարցում ջանք ու նախաձեռնութիւն չի խնայի»:
Յիշեցենք, որ Թեհրանը եւ Վաշինգտոնն Իրանի միջուկային ծրագրի եւ ԱՄՆ պատժամիջոցների վերացման վերաբերեալ բանակցութիւնների 4 փուլ են անցկացրել Մասկատում եւ Հռոմում։
Բացի դրանից, Իրանը եւ երեք եւրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, անցեալ ուրբաթ օրը բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։