Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ դէմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անտեսելով Եւրոպական Խորհրդարանի զեկոյցներն ու բանաձեւերը, Հաագայի Արդարադատութեան միջազգային դատարանի միջանկեալ միջոցների կիրառման որոշումները, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգութեան կանխամտածւած, ռասայական ատելութեան հիմքով ոչնչացման, իւրացման եւ խեղաթիւրման մասին՝ ուղերձ է յղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սոյն թւականի մայիսի 21-ին անցկացւող խորհրդաժողովին, նշելով, որ «Հայաստանը պէտք է հրաժարւի հարեւան պետութիւնների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի մեր մշակութային ժառանգութիւնը վերականգնելու եւ պահպանելու համար, թոյլ տայ ԻՒՆԵՍԿՕ-ի առաքելութեանը մոնիթորինգ անցկացնել այս նպատակով, ինչպէս նաեւ երկխօսութիւն սկսի Արեւմտեան Ադրբեջանի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ»։

Այն դէպքում, երբ աշխարհի ժողովրդավարական ամենամեծ ներկայացուցչական մարմիններից մէկը՝ Եւրոպական խորհրդարանն իր 2023/2119(INI) զեկոյցով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեան վրայ Ադրբեջանի յարձակումներն ու դրանց հետեւանքները, ներառեալ շուրջ 120․000 մարդկանց բռնի տեղահանումը համարել է էթնիկ զտումներ, իսկ 2024 թւականի հոկտեմբերի 23-ի բանաձեւում արձանագրել մարդու իրաւունքների զանգւածային խախտումների մասին, Ադրբեջանը փորձում է հայելային քաղքականութեամբ ձեռնպահ մնալ միջազգային իր իսկ ստանձնած պարտաւորութիւնները կատարելու պատասխանատւութիւնից։

Այն դէպքում, երբ հենց Ադրբեջանն է խոչընդոտում ԻՒՆԵՍԿՕ-ի առաքելութեան իրականացմանը Լեռնային Ղարաբաղում՝ հետագայ ոչնչացումները կանխելու եւ առկայ ժառանգութիւնը փաստագրելու համար, Ադրբեջանը ինքն է խօսում ԻՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրականացման մասին եւ այն էլ Հայաստանում։

Մինչդեռ Եւրախորհրդարանի 2022 թւականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացման մասին» բանաձեւը (N 2582) կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել քայլեր՝ կանխելու հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման դէպքերը, ինչպէս նաեւ պատասխանատւութեան ենթարկել այդ գործողութիւնների հեղինակներին, Ադրբեջանը, շարունակում է վարել ժխտողական եւ իր իսկ պատասխանատւութիւնը մերժող քաղաքականութիւն։

Անկարայում անցկացւած միջազգային խորհրդաժողովում, որը կրել է «Արեւմտեան Ադրբեջան վերադարձը՝ որպէս մարդու իրաւունքների գերակայութեան կարեւոր պայման» խորագիրը, Իլհամ Ալիեւը նշել է նաեւ, որ Արեւմտեան Ադրբեջանի համայնքի խաղաղ նախաձեռնութիւնները, որոնք համապատասխանում են միջազգային իրաւունքին, աջակցութիւն են ստանում միջազգային հանրութեան կողմից։ Մինչդեռ հէնց միջազգային հանրութիւնն է բազմիցս նշել, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրաւունքները, որոնք հասել են ահագնացող չափերի։

Լեռնային Ղարաբաղի փախստականների միութիւնը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան, հայատեաց, հայ ժողովրդի հիմնարար իրաւունքները ոտնահարող հռետորաբանութիւնը, պատմական փաստերի խեղաթիւրումը, տարածքային պահանջներն ու միջազգային իրաւունքի անարգման հետեւողական քաղաքականութիւնը։ Մենք յիշեցնում ենք, որ մի ողջ ժողովրդի իր պատմական հայրենիքից բռնի հեռացումը, իրագործւած պատերազմական յանցանքներն ու միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ անարգումը չեն կարող անպատիժ մնալ։

Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ դէմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին, պաշտպանել հայ ժողովրդի անքակտելի իրաւունքները, դատապարտել էթնիկ զտումները, մշակութային ցեղասպանութիւնն ու պատմութեան կեղծումը, եւ գործնական քայլերով արձագանքել շարունակւող խտրականութեանն ու ատելութեան տարածմանը:

ԼՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՒԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Related Articles

Back to top button