
Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին երկուշաբթի, մայիսի 4-ին, մասնակցել է Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նիստին եւ ներկայացրել է համապարփակ զեկոյց արտաքին քաղաքականութեան եւ միջազգային յարաբերութիւնների ոլորտի զարգացումների, ինչպէս նաեւ դիւանագիտական վերելք ու վայրէջքների մասին՝ սկսած 1404 թւականի էսֆանդ ամսւայ 9-ից սկսւած պարտադրւած պատերազմից մինչ օրս։
ISNA-ի հաղորդմամբ՝ Սէյէդ Աբբաս Արաղչին այս նիստում պատգամաւորներին ներկայացրել է ինչպէս Իրանի դիրքորոշումները, այնպէս էլ այլ երկրների մօտեցումները։
Արտաքին գործերի նախարարը նաեւ տեղեկացրել է Իրան-ԱՄՆ բանակցութիւններում Իսլամաբադում քննարկւած ծրագրերի եւ առաջարկների, ինչպէս նաեւ դիւանագիտական գործընթացի վերջին զարգացումների եւ պարտադրւած պատերազմին վերջ դնելու շարունակւող ջանքերի մասին։
Նախարարը, անդրադառնալով զինւած ուժերի աննախադէպ անձնազոհութեանը եւ դիմադրութեանը, ինչպէս նաեւ Իրանի պատւարժան ժողովրդի խելամիտ ներկայութեանը փողոցներում եւ հրապարակներում, ընդգծել է, որ Իրանի ժողովրդի հաստատակամութեան, քաջութեան եւ օրինակելի արժանապատւութեան շնորհիւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը հանդէս է եկել որպէս շատ հզօր դերակատար՝ պաշտպանելով ժողովրդի շահերն ու իրաւունքները։
Նիստում յանձնաժողովի նախագահն ու անդամները, գնահատելով պատերազմի ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչութեան ջանքերը, ներկայացրել են իրենց տեսակէտներն ու մտահոգութիւնները բանակցութիւնների թեմաների եւ հեռանկարների վերաբերեալ եւ ընդգծել, որ դիւանագիտական համակարգը պէտք է ջիհադական ոգով եւ նորարարական մօտեցմամբ օգտագործի իր ողջ ներուժն ու հնարաւորութիւնները՝ Իրանի շահերն ու օրինական իրաւունքները ապահովելու համար։



