Ինչպէ՞ս է տեղի ունենալու Ֆրանցիսկոսի յուղարկաւորութիւնը

«ԱԼԻՔ» – Վատիկանը պատրաստւում է Ֆրանցիսկոս Պապի յուղարկաւորութեան եւ թաղման արարողութեանը:
Ըստ աւանդոյթի՝ Հռոմի Պապի յուղարկաւորութիւնը սովորաբար տեղի է ունենում նրա մահից ինը օր անց: Այս բոլոր օրերին եկեղեցիներում թաղման պատարագներ են անցկացւում։
Աւանդաբար Պապի յուղարկաւորութիւնը բարդ, հանդիսաւոր ընթացակարգ է: Սակայն անցած ապրիլին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պարզեցրեց արարողութիւնը՝ Վատիկանի գոյութիւն ունեցող ծէսերը համարելով չափազանց շքեղ։
Փոփոխութիւններն ազդեցին ինչպէս բուն արարողութեան, այնպէս էլ թաղման վայրի վրայ: Նախկին պոնտիֆիկոսները թաղւած էին երեք բոյն դագաղներում՝ պատրաստւած նոճիից, կապարից եւ կաղնուց։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, սակայն, ընտրել է ցինկով պատւած հասարակ փայտէ դագաղ։
Նա նաեւ հրաժարւել է հանգուցեալ պապի մարմինը հաւատացեալների առաջ դագաղից դուրս գտնւող կատաֆալկի վրայ ցուցադրելու աւանդոյթից: Փոխարէնը, սգաւորները կը հրաւիրւեն յարգանքի տուրք մատուցելու, մինչ նրա մարմինը պառկած է դագաղում՝ կափարիչը հանւած: Դագաղի պաշտօնական կնքում չի լինի, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է, որ ծէսն աւելի շատ նման լինի սովորական քրիստոնեայի թաղմանը:
Ֆրանցիսկոսը կը դառնայ նաեւ առաջին պապը վերջին աւելի քան մէկ դարում, ով կը յուղարկաւորւի Վատիկանի սահմաններից դուրս: Նրան կը թաղեն Սանտա Մարիա Մաջիորէի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխաւոր պապական բազիլիկներից մէկում։ Նրանք սովորական բազիլիկներից տարբերւում են նրանով, որ ուղղակիօրէն ենթակայ են Հռոմի Պապին: