Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տոյւօ Կլաար. «Խաղաղութեան պայմանագրի նախագծի մեծ մասն արդէն համաձայնեցւած է, միակ պակասող բանը քաղաքական կամքն է»

«ԱԼԻՔ» – Յոյսով եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կամքի եւ շարունակական ջանքերի շնորհիւ թշնամութեան եւ բռնութեան էջը այժմ վերջնականապէս կարող է շրջւել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Այս մասին յայտարարել է Հարաւային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը jam-news.net-ին տւած հարցազրոյցում:

«Որքան գիտեմ, խաղաղութեան պայմանագրի նախագծի մեծ մասն արդէն համաձայնեցւած է։ Ինձ թւում է, որ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Մենք համոզւած ենք, որ մնացած հարցերի եւ ձեւակերպումների վերաբերեալ վերջնական համաձայնութիւնը հասանելի է: Խաղաղութեան պայմանագիրը եւ դրա հետագայ կեանքի կոչումը հիմնովին կը փոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առաջնորդները նոյնպէս կիսում են այս տեսակէտը եւ կը ձեռնարկեն բոլոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են այդ հարցում վերջնական համաձայնութեան հասնելու համար»,- ասել է Կլաարը:

Միեւնոյն ժամանակ նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում վերջերս կայացած Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի չհանդիպելու փաստը ցոյց տւեց, թէ որքան փխրուն է գործընթացը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ ո՞րն է Ձեր վերջնական մօտեցումը այժմ Հայաստանում գտնւող տեղահանւած արցախայերի մասին, Կլաարը յայտարարել է.

«Կրկին անգամ յոյս ունեմ, որ թշնամութեան եւ բռնութեան էջը վերջապէս կարող է փակւել մէկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչութեան, այդ թւում՝ Ղարաբաղի հայերի: ԵՄ-ն շատ յստակ է եղել այս հարցում, եւ դա նաեւ իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կը լինեն յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մաս, եւ որ Բաքւի եւ նրանց միջեւ ուղղակի բանակցութիւններ կը լինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի շուրջ»:

ԵՄ ներկայցուցիչը յաւելել է նաեւ, որ Ադրբեջանն այս առումով պարտաւորութիւն ունի, որից չի հրաժարւում: Կլաարը անընդունելի է համարել այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջանի» հարցն ու արցախահայերի հարցը մի հարթութեան վրայ դնելը։

«Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղւած աջակցութիւնն է, որը Ադրբեջանի պարտաւորութիւնն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թւում՝ Բաքւում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:

Բնականաբար, նրանք նոյնպէս պէտք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նոյնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթէ ցանկանան, եւ սա նոյնպէս պէտք է լինի կարգաւորման հետեւանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը»,- եզրափակել է պաշտօնեան:

Related Articles

Back to top button