Հանրապետութեան նախագահ. «Նահատակ Հանիէի սպանութիւնը սիոնիստների մեծ սխալն էր, որն անպատասխան չի մնայ»
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ օգոստոսի 4-ին հանդիպել է Յորդանանի թագաւորութեան վարչապետի տեղակալ եւ ԱԳ նախարար Այման ալ Սաֆադիի հետ, որը Թեհրան է այցելել հանդիպելու եւ կարծիքներ փոխանակելու իրանցի պաշտօնեաների հետ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերեալ:
Փեզեշքիանը շնորհակալութիւն յայտնելով Յորդանանի թագաւորի եւ կառավարութեան շնորհաւորական ուղերձի եւ բարի մաղթանքների համար՝ նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ 14-րդ կառավարութեան արտաքին քաղաքականութեան առանցքը տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղութեան ու կայունութեան ընդլայնումն ու ամրապնդումն է: Նա ընդգծել է իսլամական երկրների միասնութեան անհրաժեշտութիւնը՝ կասեցնելու պաղեստինեան ժողովրդի դէմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան եւ յանցագործութիւնները:
Հանրապետութեան նախագահն անդրադառնալով նահատակ Հանիէի տմարդի սպանութեանը, այն համարել է միջազգային իրաւունքի եւ բոլոր օրէնքների կոպիտ խախտումն ու սիոնիստների մեծ սխալը՝ եւ նշել է, որ Իրանն ակնկալում է, որ բոլոր իսլամական երկրները եւ աշխարհի ազատատենչ ժողովուրդները կը դատապարտեն այս յանցագործութիւնը: Նա ընդգծել է, որ սիոնիստների այս անբարտաւանութիւնն անպատասխան չի մնայ:
Այման ալ Սաֆադին իր հերթին նախագահին է փոխանցել Յորդանանի թագաւորի եւ կառավարութեան ջերմ ողջոյնները եւ հաւաստիացրել է, որ Յորդանանը ձգտում է ընդլայնել եւ խորացնել յարաբերութիւններն Իրանի հետ ու համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունութիւն, անվտանգութիւն եւ խաղաղութիւն ստեղծելու համար:
Նշելով, որ Յորդանանն ի սկզբանէ խստօրէն դատապարտել է Գազայում Սիոնիստական ռեժիմի դաժան ագրեսիան՝ Ալ Սաֆադին դատապարտել է Իսմայիլ Հանիէի սպանութիւնը: Նա այս գործողութիւնը համարել է Նեթանեահուի փորձը՝ ընդլայնելու տարածաշրջանում հակամարտութիւնների շրջանակը: