Օմանի դիւանագիտական պատւիրակութիւնը Թեհրանում

«Ալիք» – Իրանի մայրաքաղաք է ժամանել Օմանի դիւանագիտական պատւիրակութիւնը՝ Հորմոզի նեղուցով նաւերի երթեւեկութեան կառավարման մեխանիզմների շուրջ խորհրդակցութիւններ անցկացնելու նպատակով։
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ այցը տեղի է ունենում Իրանի եւ Օմանի միջեւ շարունակւող բանակցութիւնների շրջանակում, որոնք ուղղւած են Հորմոզի նեղուցում առեւտրական նաւերի անվտանգ երթեւեկութեան ապահովմանն ու համապատասխան կարգաւորումների մշակմանը։
Յիշեցնենք, որ յուլիսի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին եւ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել էին տարածաշրջանային վերջին զարգացումները, Հորմոզի նեղուցի եւ Պարսից ծոցի նաւարկութեան անվտանգութիւնը, ինչպէս նաեւ լարւածութեան թուլացմանն ու տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան պահպանմանն ուղղւած համագործակցութեան ուղիները։
Միեւնոյն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարի իրաւական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հեռուստահարցազրոյցում մանրամասնել է Օմանի հետ վերջին բանակցութիւնների բովանդակութիւնը։ Նրա խօսքով՝ Իրանը, գտնւելով պատերազմական պայմաններում, մտահոգւած է, որ Հորմոզի նեղուցը կարող է օգտագործւել երկրի ազգային անվտանգութեանը սպառնացող գործողութիւնների համար։
Ղարիբաբադին ընդգծել է, որ Թեհրանը չի վիճարկում Օմանի ինքնիշխանութիւնը եւ գնահատում է այդ երկրի կառուցողական դիրքորոշումը, սակայն առաջարկել է ժամանակաւորապէս կասեցնել նեղուցի հարաւային անցուղու օգտագործումը եւ դրա փոխարէն կիրառել նոր երթուղի, որը, Իրանի գնահատմամբ, կը նպաստի թէ՛ անվտանգութեան ապահովմանը, թէ՛ լարւածութեան կանխմանը։
Նրա խօսքով՝ Իրանը բանակցութիւններում ցուցաբերել է բարի կամք, սակայն յստակ նշել է, որ ներկայ պայմաններում հարաւային ծովային միջանցքի օգտագործումն իր համար ընդունելի չէ։



