Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեան. «Իշխանական ախորժակը մեծացել է, յարձակման թիրախը Հայաստանի մամուլի հնաբնակներից մէկն է՝ «Առաւօտ»-ը»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Գեղամ Մանուկեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երեւանի մամուլի շէնքից «Առաւօտ» օրաթերթի խմբագրակազմի վտարման փաստին:

«ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…

«Առաւօտ»-ի շուրջ ստեղծւած իրավիճակի առիթով:

Վերջին օրերին ցաւով անդրադառնում էի, որ, զրկւած լինելով իմ անձնական տիրոյթում հրապակային դիրքորոշում յայտնելուց, չէի կարողանում խօսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առաւօտ» օրաթերթի եւ ընդհանրապէս մամուլի շէնքի շուրջ։

Սա նախկին բանսարկու խմբագրի իշխանութեան տարատեսակ թիրախաւորումների շարքում նաեւ մամուլի դէմ արդէն տեւական ժամանակ մղւած պայքարի նոր բռնկում է։ Իսկ այդ արշաւը նոր չէ։

Առաջին իսկ օրերից մամուլին փորձեցին զրկել իր գործառոյթից։

Պաշտօնական, պետական գերատեսչութիւնները հանրային կապերի գործիքները դարձան Նիկոլի սելֆիի ձողիկը:

Փաստական սխալներով ֆէյսբուքեան ստատուսները, լայւերն ու պարբերաբար ջնջւող տեքստերը դարձան պաշտօնական լրատւութիւն:

Յետոյ արդէն առաւել համակարգւած թիրախաւորումներ սկսւեցին իշխանութեանը ոչ հաճոյ լրագրողների, լրատւամիջոցների նկատմամբ, երբ գործի դրւեց նաեւ պետական բիւջէի հաշւին ստի, ապատեղեկատւութեան մի հսկայական ֆէյքերի ֆաբրիկան։

Ապա ԱԺ, կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաների կողմից լրատւամիջոցների դէմ աննախադէպ քանակի դատական հայցերը, հաւատարմագրումներից զրկելը, իրաւապահների կողմից պարբերաբար բռնի ուժի կիրառումն ու լրագրողների աշխատանքի խաթարումը։

Հիմա արդէն իշխանական ախորժակը մեծացել է։ Յարձակման թիրախը Հայաստանի մամուլի հնաբնակներից մէկն է՝ միշտ հաւասարակշիռ, հսկայական լրագրողական պրոֆեսիոնալ թիմ ունեցող «Առաւօտ»-ը:

Այսօրւայ լռողները պէտք է քաջ գիտակցեն։ Վաղը Նիկոլը նրանց յետեւից էլ է գալու։ Թող չկասկածեն։ Մէկ աննշան թթու խօսքը դրա առիթ կը դառնայ։

Իսկ երբեմնի բանսարկու խմբագիրը սիմւոլիզմ շատ է սիրում.

«Առաւօտ» օրաթերթի խմբագակազմին մշտական բնակութեան վայրից՝ Մամուլի շէնքից վտարում են ծննդեան օրը։

Սիրելի առաւօտցիներ։ Շնորհաւորում եմ Ձեր ծննդեան օրը, մնաք պրոֆեսիոնալ եւ ամուր։ Սա էլ կանցնի։ Ինձնից լաւ գիտէք՝ չկայացածները ժամանակաւոր են։ Գործն է մնայուն։

Ու վերջում, 1994 թւականին դաշնակցական մամուլի միջոցների փակումի եւ թալանի օրերին փակւեց նաեւ ՀՀ Գրողների միութեան պաշտօնական ամսագիր «Նորքը»։ Խմբագիրը մեր դաշնակցական վաստակաշատ ընկեր հանգուցեալ Ռուբէն Յովսէփեանն էր։ Երբ տեւական դադարից յետոյ լոյս տեսաւ ամսագրի նոր համարը, Ռուբէն Յովսէփեանը իր խմբագրականը վերնագրել էր՝ «ՍՊԻՆ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒՆ…»։

Յ. Գ. – Երկուշաբթի պետգոյքի կոմիտէ ուղարկելու եմ բազմաթիւ կէտեր պարունակող պատգամաւորական հարցում…»,- գրել է նա:

Related Articles

Back to top button