Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. «Մեր ներուժը միայն մեր 3 մլն ժողովուրդը չի, այլեւ մեր Սփիւռքը, որը զրոյացնում են»

«ԱԼԻՔ» – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ընդարձակ հարցազրոյց է տւել «5-րդ ալիք»-ի «Հայլուր» լրատւականին: Շուրջ մէկ ժամ տեւած հարցազրոյցի ընթացքում անդրադարձ է եղել 44-օրեայ պատերազմին, նոյեմբերի եւ վաշինգտոնեան փաստաթղթերին, ՀՀ անվտանգային հարցերին եւ ներքին խնդիրներին։

Հարցազրոյցի հիմնական թեմաները՝ ստորեւ.

Սա տեսակ է, թէ յանձնարարութիւն՝ իմանալու ենք իշխանափոխութիւնից յետոյ

Կառաջարկէի ընտրութիւններից առաջ չխորանալ, սա առանձին թեմա է։ Բայց եթէ խօսենք մեր անելիքների մասին, իմ կարծիքով, բացի նրան, որ մենք պէտք է մեր անվտանգութիւնն ապահովենք՝ գործընկերներ ունենալու համար, նաեւ աշխարհաքաղաքական կշիռ ձեռք բերելու համար, մենք պէտք է մեր ներքին կայունութիւնն ապահովենք։ Կայունութիւնը եւ համերաշխութիւնը։ Այս կոնֆլիկտները, որոնք ուտում են մեր հասարակութիւնը ներսից, մարդիկ հոգնել են սրանից, սրան պէտք է ուղղակի վերջ տալ։

Եւ նաեւ հետագայ ընտրութիւնների կարեւորութիւնը դրանով է՝ մենք ընտրելու ենք մի իշխանութիւն, որը փորձելու է այդ համերաշխութիւնը ներսում ստեղծի՞, բերի՞, թէ մենք ունենալու ենք սրա շարունակութիւնը, մշտական կոնֆլիկտածին  մի իշխանութիւն, որի հիմնական նպատակը․․․ Մէկ-մէկ ռացիոնալ բացատրութիւն էլ չունես, լաւ եկեղեցի՞ն քեզ ինչով է խանգարում։ Չէ, անպայման պէտք է էստեղ բզենք, էնտեղ բզենք, ստեղ պրոբլեմ ստեղծենք, էնտեղ պրոբլեմ ստեղծենք։ Սա տեսակ է։ Հիմա կարող է սա տեսակ չէ՝յանձնարարութիւն է, կարող է։ Բայց սա տեսակ է, թէ յանձնարարութիւն՝ իմանալու ենք իշխանափոխութիւնից յետոյ։ Եթէ մեր ժողովորդն ուզում է իմանալ ճշմարտութիւնը, ուրեմն պէտք է իր ընտրութիւնը ճիշտ անի 2026 թւականին։ Այս չարութեամբ լցւած իշխանութիւնը  չպէտք է իշխանութիւն ունենայ:

 

Ամէն ինչ արւում էր պատերազմ հրահրելու համար

Ես պատերազմի գալու զգացումն ունէի մօտ մէկ տարի մինչեւ պատերազմի սկսւելը։

Ինձ համար մէկ բան էր հասկանալի, որ ամէն ինչ արւում էր պատերազմ հրահրելու համար։ Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, որը եղաւ Հայաստանի նախաձեռնութեամբ, Հայաստանը հրաժարւեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացում առաջին անգամ կողմերից մէկը հրաժարւել է ընդհանրապէս քննարկել ներկայացւած փաստաթուղթը։ Դա ներկայացւել էր 2019-ի ամռանը։ Նիկոլ Փաշինեանն այդ ժամանակ ասում էր՝ սկսելու ենք զրոյական կէտից եւ թող բանակցեն Ղարաբաղի հետ։ 2019-ին ներկայացւած փատաթուղթը հրաժարւել է ուղղակի բանակցել՝ ջնջելով մօտ 30 տարւայ բանակցային գործընթացը։ Սա բերեց նրան, որ միջազգային  հանրութեան եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանը ամբողջ այդ պրոցեսի ձախողող կողմն է։ Ի՞նչ պէտք է անէր Ադրբեջանը, պէտք է սկսէր պատրաստւել պատերազմի։ Սա հիմնական ֆունդամենտալ պատճառն է։

Ես չգիտեմ՝ ինչո՞վ էր առաջնորդւում ՀՀ վարչապետը։ Իմ տպաւորութեամբ, օդերում էին, թւում էր, թէ 2018-ի այդ յեղափոխութիւնից յետոյ համաշխարհային դէմք է դարձել եւ կարող է իրեն թոյլ տալ նման կարգի քայլեր։ Դրանից յետոյ հնչեց այդ նախադասութիւնը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Սրանով ինքը խաչ քաշեց որեւէ սպասելիքի վրայ։ Երբ չկան բանակցութիւններ, կողմերից մէկը, որը դժգոհ է այդ իրավիճակից, պէտք է սկսի պատրաստւել պատերազմի։

Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պէտք է գնահատէր այդ պատերազմում յաղթելու իր շանսերը։ Եւ կատարւեց եւս մէկ կարեւոր հանգամանք, որը դրդեց Ադրբեջանին պատերազմի։ Այն, ինչ արւում էր բանակի հետ 2018-ից սկսած, վարկաբեկման մի արշաւ հրամանատարական կազմի դէմ, ասելով, որ գեներալները բոլորը թալանչի են եւ այլն, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։

Կար եւս մէկ հանգամանք, դա քո ռազմավարական դաշնակցի հետ յարաբերութիւնների վատթարացումն էր եւ ՀԱՊԿ-ի հետ ուղղակի կոնֆլիկտի մէջ մտնելն էր:

Վերջին կաթիլը եղաւ Հայաստանի հիւսիսում սահմանային կոնֆլիկտը, որն ուռճացւեց, հասցւեց երկրորդ Սարդարապատի մակարդակի։ Հայաստանի հիւսիսում այդ միջադէպը բաւական մեծ արձագանք ունեցաւ Ադրբեջանում։ Լայնածաւալ հանրահաւաքներ էին, որոնք Ալիեւից պահանջում էին միջոցներ ձեռնարկել եւ Ադրբեջանի նախագահը վտանգ զգաց իր իշխանութեան համար։

Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մէկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մէկը չկանգնեց։ Բանակը թուլացած էր, պատերազմում Ադրբեջանի յաղթելու հաւանականութիւնը շատ աւելի մեծացաւ։ Քո դաշնակիցների հետ յարաբերութիւնները փչացրել ես, ուրեմն իրենց ուղղակի միջամտութեան հաւանականութիւնը եւս փոքրացաւ։ Այդպիսի քայլեր կարող է անել միայն անպատասխանատու մարդը, եթէ դա չի արւել գիտակցաբար՝ պատերազմ հրահրելու համար:

 

Ես ունէի գործողութիւնների կոնկրետ պլան. երրորդ օրը հասկացայ, որ պատերազմը պարտւելու ենք

Երրորդ օրից արդէն հասկացայ, որ մենք չենք յաղթելու պատերազմը։

Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի եւ այն, ինչ տեսել եմ, ինձ բերել է մէկ-երկու օրւայ ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտւելու ենք։ Երկու շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամէն օր Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի միջոցով փորձում էի յորդորել Արայիկ Յարութիւնեանին, որ անեն ամէն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնյայտ էր, որ մենք պարտւում ենք։

Նոյնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով եւ ներկայ նախագահով, թէկուզ Արայիկ Յարութիւնեանի նկատմամբ, իմ վերաբերմունքը յայտնի է։ Ինքը չպէտք է յայտնւէր այնտեղ նախագահի պաշտօնում, բայց այնուամենայնիւ ես ինքս գնացի, առաջարկեցի եւ ես ունէի կոնկրետ պլան գործողութիւնների, թէ ինչ է պէտք անել։

Եւ պաշտպանութիւնը կազմակերպելու տեսանկիւնից շատ կոնկրետ առաջարկներ ունէի, եւ զուգահեռ իհարկէ անել ամէն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը մերժեց, չուզեց հանդիպել եւ Բակօ Սահակեանի միջոցով փոխանցեց հետեւեալը։ «Եթէ ես հանդիպեմ Քոչարեանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է»։ Ուղղակի իր բառն է՝ «ինձ կուտի»։ Այն ժամանակ Ադրբեջանից աւելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան տւեալ դէպքում իմ հետ հանդիպել եւ քննարկելու հանգամանքը:

 

«Յաղթելու ենք» կարգախօսով տարածւող սուտը քայքայում էր բանակը

Նահանջող բանակի հրամանատարները ստանում էին հերոսի կոչումներ. Դուք մտածում էք, որ դրանով խրախուսում էք մարտունակութի՞ւնը. իրականում խրախուսում էք պարտութիւնը։

«Յաղթելու ենք» կարգախօսով տարածւող սուտը քայքայում էր բանակը. «Դա ամենամեծ պատճառն էր շատ մեծ թւով դասալիքներ ունենալու։ Մարդիկ առաջնագծում տեսնում էին՝ ինչ է կատարւում, զանգում էին հարազատներին, իսկ հարազատներն ուրախ էին, որ մենք յաղթում ենք։ Երեւանում այդպէս էլ այդ տագնապի զգացողութիւնը չունեցան, նոյնիսկ դիակներն էին ուշ բերում, որ այստեղ սուտը չբացայայտւի։  Առաջին ղարաբաղեան պատերազմում երբեք սուտ ինֆորմացիա չի եղել։ Եթէ կորցրել ենք մի գիւղ, յայտարարել ենք, բոլորն իմացել են:

 

Ադրբեջանը համաձայն էր հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, Փաշինեանը մերժեց

Ամէնից անհասկանալի կէտն ինձ համար այն էր, երբ հոկտեմբերի 18-19-ին Նիկոլ Փաշինեանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր եւ Նիկոլ Փաշինեանը մերժեց՝ յստակ իմանալով, որ պատերազմը պարտւելու է, որովհետեւ Գլխաւոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլեւս չունի։ Կայ այդ զեկոյցը։ Բայց ինքը որոշում կայացրեց շարունակել պատերազմը։

Իր բացատրութիւնը հետեւեալն էր, որ այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դաւաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրայ նստել է առնւազն 2.5 հազար լրացուցիչ զոհ եւ առնւազն 5-6 հազար վիրաւոր։ Բա սա առաջնորդի քա՞յլ է։

 

Փաշինեանը հետեւողականօրէն հրաժարւում էր 9-րդ կէտի կատարումից

Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պէտք է  չեղարկել. հասկանում էինք, որ այն պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտութիւնը, բայց բոլորը հասկանում էին, որ սա Արցախը պահելու հնարաւորութիւն է։

Այն ժամանակ պէտք էր կառչել այդ փաստաթղթից եւ անել ամէն ինչ, որ այն կեանքի կոչւի։ Հիմա ասել՝ ամբողջութեամբ դա կայ, թէ չկայ… դուք վերցրէք այդ փաստաթղթի 9-րդ կէտը, որը խօսում է անխոչընդոտ ճանապարհի մասին եւ համեմատէք այդ կէտը Վաշինգտոնում ստորագրւած փաստաթղթի նմանատիպ կէտի հետ։ Բովանդակութեամբ այն նոյնն է, ուղղակի այն տարբերութեամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք եւ այդ 9-րդ կէտը մտցւած էր Լաչինի հետ սիմետրիա ունենալու տեսանկիւնից։ Այն ժամանակ փոխանակ կառչել այդ կէտից, ապահովել ճանապարհի ֆունկցիոնալութիւնը, ոչ թէ յանձնել որպէս միջանցք։ Այն ժանմանակ միջանցքի տրամաբանութիւնը չկար ընդհանրապէս, Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն հրաժարւում էր այդ կէտի կատարումից։ Այդ հրաժարւելը բերեց նրան, որ Լաչինի միջանցքը փակւեց եւ այդ ամէնն աւարտւեց Արցախի կորստով։ Սրանք փաստեր են։

Նոյնատիպ մօտեցումը այսօր ներկայացւում է որպէս դարակազմիկ որոշում։ Այդ ընթացքում ի՞նչ փոխւեց. չկայ Արցախը, չկայ Լաչինի միջանցքը:

 

Ամէնից խաղաղ տարիները ՀՀ-ում եղել են հէնց իմ նախագահութեան տարիները

Ինձ համար ամենամեծ շոկը եղել են 2021 թ. ընտրութիւնների արդիւնքները, երբ պարտութիւն ու զոհեր բերած մարդը չպէտք է վերընտրւէր։

Ես վստահ էի, որ սա բերելու է աւելի ծանր հետեւանքների, եւ բերեց՝ Արցախի ամբողջական կորստի, նաեւ ՀՀ որոշակի մասի օկուպացիայի։

Կարծում եմ՝ հանրութեան մօտ բաւական լուրջ վերագնահատման պրոցես գնաց եւ հիմա մեր ժողովրդի մեծ մասն այլ կերպ է մտածում։ Հայաստանում իշխանութեան է եկել մի ուժ, որը տւել է լսելու համար հաճելի խոստումներ, ձախողել է բոլորն անխտիր։ Չի կարող մեր ժողովուրդը դա չտեսնել։

Իրենք հիմա կենտրոնացել են խաղաղութեան օրակարգի վրայ, որովհետեւ ուրիշ ասելիք չկայ։ Հիմա պէտք է այդ թէզը ֆետիշացնեն, ասեն՝ մնացածը երկրորդական է, մենք միակ ուժն ենք, որ բերում է խաղաղութիւն։ Դա ասում է մի մարդ, որը բերել է ամենասարսափելի պատերազմը, որի ժամանակ ունեցել ենք ամէնից շատ զոհերը։ Հիմա փորձում է այդ մարդը դառնալ խաղաղութիւն բերող մարդ։ ՀՀ-ում ամէնից խաղաղ տարիները եղել են իմ նախագահութեան տարիները:

 

Հայաստանի կողմից արւել է ամէն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան

Իմ տպաւորութեամբ, Հայաստանի կողմից արւել է ամէն ինչ, որ ռուսները հեռանան։

Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով պարզապէս վկայ չէր, այլ ստորագրել է փաստաթղթի տակ եւ պատասխանատւութիւն է վերցրել տեղակայել Արցախում խաղաղապահ ուժեր. «Բայց Հայաստանը, ըստ էութեան, միակողմանի հրաժարւեց այդ պրոցեսին մասնակից լինել։

Հայաստանը Պրահայում յայտարարել է՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Արցախը։ Դրանից յետոյ Ռուսաստանն ի՞նչ դերում է յայտնւում Ադրբեջանի հետ յարաբերութիւններում։ ՀՀ այդ յայտարարութեամբ միջնորդական առաքելութիւնը զրոյացւել է։

Այդ դէպքում Ռուսաստանը պէտք է Ադրբեջանին ասի՝ այո, ինձ է պէտք, որ Արցախը մնայ այս կարգավիճակում։ Հակամարտութեան լրիւ կոնֆիգուրացիան փոխւել է այդ յայտարարութեամբ, որովհետեւ եռակողմ յայտարարութիւնը ստորագրւած էր երեք երկրների ղեկավարների միջեւ, ըստ որի, Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է անորոշ, հետագայ բանակցութիւնների առարկայ պէտք է լինէր։ Եւ դտեալ պարագայում Հայաստանը ասում է՝ ես չկամ էս գործում, գնացէք դուք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցը ոնց ուզում էք, քննարկէք։

Սրանով նաեւ ռուսական խաղաղապահների ներկայութեան կարգավիճակը անհասկանալի է դարձել։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետեւանք է Պրահայում ստորագրած յայտարարութեան։

Եթէ մենք մտածում էինք, որ Ռուսաստանը ցմահ պատասխանատւութիւն պէտք է վերցնէր Ղարաբաղի համար, այդպէս միջազգային յարաբերութիւններ չեն լինում։ Եթէ Հայաստանը այդ քայլը չանէր, ես չեմ կասկածում, որ 5 տարին կերկարաձգւէր եւս 5 տարով, կը լինէր քաղաքական լուծման մի առաջարկ։ Միգուցէ 2019-ին մերժւած առաջարկը որոշ չափով փոխւելով կը դրւէր սեղանին եւ կը փորձէին լուծում գտնել:

 

Մեր ներուժը միայն մեր 3 մլն ժողովուրդը չի, այլեւ մեր Սփիւռքը, որը զրոյացնում են

Մեր ներուժը միայն մեր 3 մլն ժողովուրդը չի, այլեւ մեր Սփիւռքը, որը զրոյացնում են։

Մեր ներուժը նաեւ մեր եկեղեցին է, որովհետեւ ցանցային բնոյթ ունի եւ ներկայ է տարբեր երկրներում։ Սփիւռքի հետ բոլոր կապերը կտրում ենք, թշնամանում ենք, եկեղեցին մասնատում ենք։ Նիկոլ Փաշինեանն ունի ներքին չարութեան մի հսկայական ծաւալ եւ իր մարմնի մէջ այդ չարութիւնը չի տեղաւորւում, անընդհատ դուրս է գալիս։ Ինքը ամէն տեղ պէտք է ստեղծի կոնֆլիկտ, որով կարծես թէ սնւում է, էներգիա է ստանում։ Եթէ դու կոնֆլիկտածին ես ու ունես գրեթէ անսահմանափակ իշխանութիւն, այդ կոնֆլիկտը ինչ-որ տեղ սկսում ես կիրառել՝ հները նորերին, Արարատը՝ Արագածին, Յովհաննավանքը Էջմիածնին, կաթողիկոսին՝ կարգալուծ արած քահանային, ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին։ Դու անընդհատ կոնֆլիկտ ես ուզում ստեղծել, որովհետեւ դրանով սնւում ես։ Իմ տպաւորութիւնը սա է:

 

Եթէ չունես մարտունակ բանակ, դու ունենալու ես ոչ թէ գործընկերներ, այլ աշխարհաքաղաքական շէֆեր

Ի՞նչ պէտք է անել, որ մեզ լուրջ վերաբերւեն եւ մեր խօսքը կշիռ ունենայ։ Առաջին հերթին պէտք է լրջօրէն զբաղւել բանակով, ամրացնել Հայաստանի անվտանգութիւնը։

Մարտունակ բանակը հէնց նրա համար է, որ պատերազմ չլինի։ Մարտունակ բանակը նաեւ նրա համար է, որ ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։ Եթէ չունես մարտունակ բանակ, դու գործընկերներ չես ունենալու, ունենալու ես աշխարհաքաղաքական շէֆեր։ Եթէ դու թոյլ ես, շէֆ ունենալով դառնում ես անվտանգութեան սպառող, ինչը նշանակում է, որ դու գին ես տալիս։ Տեսէք, թէ Ուկրաինան ինչ գին է տալիս։

ՀՀ իշխանութիւններն այս հարցով չեն զբաղւում, ասում են՝ սա է մեր սահմանները, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Հէնց դու քեզ սահմանափակում ես այդ մտածելակերպով, դու արդէն պրոբլեմ ունես, դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որեւէ դերակատարութիւն չի կարող ունենալ։ Քո փոխարէն որոշելու են, թէ այս միջանցքը ոնց է գնալու այն հարցը ոնց է լուծւելու։ Դու դառնալու ես տեղդ հանգիստ նստած մարդ, ոչ մէկը քո հետ հաշւի չի նստելու ընդհանրապէս:

 

2026 թւականի ընտրութիւններ

Բացի այն, որ մենք պէտք է մեր անվտանգութիւնն ամրապնդենք, պէտք է նաեւ երկրի կայունութիւնն ու համերաշխութիւնը ապահովենք։ Այս ընտրութիւնների կարեւորութիւնը նաեւ սրանում է՝ մենք ընտրելու ենք մի իշխանութիւն, որը փորձելու է ներսում համերաշխութիւն բերի, թէ՞ ունենալու ենք սրա շարունակութիւնը։ Չարութեամբ լցւած իշխանութիւնը չպէտք է իշխանութիւն լինի ՀՀ-ում:

Related Articles

Back to top button