Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Եկեղեցու դէմ արշաւը ծրագրւած պայքար է մեր ազգային ինքնութեան դէմ»

«ԱԼԻՔ» ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու դէմ պայքարին:

Նա մասնաւորապէս գրել է.

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ արշաւը ծրագրւած պայքար է մեր ազգային ինքնութեան դէմ, որի հեղինակները գտնւում են երկրից դուրս, Նիկոլն ընդամէնը գործիք է այդ հրէշաւոր ծրագիրն իրականացնելու համար։

Աւելորդ է անդրադառնալ գործիքի ձեռքին գործիք դարձած ծառաների պահւածքին՝ լինի դա կարգալոյծ քահանայ, ՔՊ-ական պատգամաւոր, թէ ուժային կառոյցի ներկայացուցիչ։

Մենք պէտք է ամբողջութեամբ ընկալենք հարցի խորքը, հասկանանք, որ սա միայն մեր բարձրաստիճան հոգեւորականների դէմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնութեան ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան:

Ես չեմ հոգնի կրկնել, որ այն, ինչ կատարւում է մեր դէմ, դա հայկականութեան դենացիոնալիզացիայի ծրագիր է, այն ունի նաեւ աշխարհաքաղաքական նշանակութիւն, որի դրսեւորումները կը տեսնենք առաջիկայում:

Հետեւաբար, Եկեղեցու դէմ արշաւը պէտք է նայել այս համատեքստում, հասկանալ հարցի լրջութիւնն ու խորքը, ստեղծել պաշտպանութեան ազգային ճակատ եւ միասնական ուժերով կանխել այդ հրէշաւոր ծրագրի գործադրումը:

Յ. Գ. – Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնութեան ոչնչացումը ներառում է մի շարք գործողութիւններ, որոնք ուղղւած են որեւէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնութեան, մշակոյթի եւ ազգային դիմագծի վերացմանը:

Դենացիոնալիզացիան կարող է իրականացւել տարբեր ձեւերով՝

– լեզւի եւ կրթական համակարգի փոփոխութեամբ,

– մշակութային ժառանգութեան ոչնչացմամբ կամ իւրացմամբ,

– պատմական փաստերի կեղծումով,

– բնակչութեան բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականութեան գործադրմամբ,

– ազգային արժէքների եւ աւանդոյթների նսեմացմամբ կամ արգելքով»:

Related Articles

Back to top button