Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մեր եկեղեցին՝ յունիսի 27-ից յետոյ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Եկեղեցու դէմ շարունակական յարձակումները նոր իրականութիւն են ստեղծում, եւ մեր կարեւոր խնդիրն է՝ հասկանալ «նորութիւնները»՝ ճիշտ որոշումների համար։

1. Աննախադէպ համախմբում եկեղեցու շուրջ. յարձակման չդադարող պրոցեսի արդիւնքում եւ յատկապէս յունիսի 27-ի Մայր Աթոռի վրայ ուժայինների գրոհից յետոյ տեղի է ունեցել ժողովրդի եւ եկեղեցու մեր նորագոյն պատմութեան մէջ նախադէպը չունեցող համախմբում։

2. Իրաւական քայլեր. Սահմանադրութեան 6-րդ յօդւածը սահմանում է, որ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտօնատար անձինք իրաւասու են կատարելու միայն այնպիսի գործողութիւններ, որոնց համար լիազօրւած են Սահմանադրութեամբ կամ օրէնքներով: Եկեղեցու դէմ «արշաւանքը» նրանց լիազօրութիւններից դուրս է եւ հակասահմանադրական է: Վարչապետի կողմից եկեղեցու դէմ ձեւակերպումների, պարտադրանքի եւ հրահանգների թեմայով անպայման պէտք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրութեան 169 յօդւածի 1-ին մաս, 2-րդ կէտ՝ սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազօրութիւնների առնչութեամբ առաջացող վէճերը լուծելու հիմքով: Դա կարող են անել ընդդիմադիր պատգամաւորները։ Նա, որպէս վարչապետ, չունի լիազօրութիւն՝ ներեկեղեցական կեանքին խառնւելու, Վեհափառի եւ Սրբազանների պաշտօնանկութիւն պարտադրելու եւ այլն։ Որպէս անհատ՝ գուցէ, բայց այդ դէպքում նախ պէտք է ինքը հրաժարական տայ, ու որպէս անհատ պահանջի։

3. Շատ կարեւոր է՝ ճիշտ ֆիքսել հակամարտութեան կողմերին. իշխանութեան նեղ խումբ եւ մնացեալ։ Մարդկանց փոքրիկ խումբը՝ ընդդէմ Ամենայն Հայոց Եկեղեցու։

4. «Ժողովրդի անունից» կեղծիք։ Ն. Փաշինեանը հրապարակային անյարիր բառապաշարով պահանջում է Վեհափառի հրաժարականը։ Այս ագրեսիւ պահանջը պաշտպանում է իւրայինների մի 10 հոգանոց նեղ խումբ։ Համարենք, թէ կարող ենք հաշւել ընդհուպ մինչեւ 100 հոգի։ Ո՞ր ժողովրդի անունից են նրանք խօսում։ Չկայ նման բան։ Կան նաեւ հանրային կարծիքի ճշտման մեթոդներ, օրինակ՝ սոցհարցումներ, որոնք վկայում են ՀՀ իշխանութիւնների կրիտիկական ցածր վարկանիշը, եւ միաժամանակ՝ եկեղեցու հանդէպ վստահութեան չափազանց մեծ ցուցանիշներ։ Եկեղեցու եւ Կաթողիկոսի «պաշտպանական խումբը» միլիոնաւոր աշխարհասփիւռ հայերն են։ Իսկ կարո՞ղ է վարչապետը փորձի հանրաքւէի դնել իր պահանջը. չի անի։ Որովհետեւ արդիւնքը նախապէս գիտի։ Ի վերջոյ, խօսքը գնում է աշխարհասփիւռ հայութեան՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Արձանագրում ենք, որ նա չի խօսում ժողովրդի անունից, չկայ նման բան եւ չի էլ կարող լինել։

5. Վերջին շրջանում նկատւում է մեծացող մարդկային հոսքեր դէպի եկեղեցիներ՝ բոլոր սոցիալական շերտերից, բոլոր սերունդներից, եւ յատկապէս՝ երիտասարդութեան։ Հոգեւորականները պէտք է սկսեն ուղիղ իրավիճակային երկխօսութիւն սեփական ժողովրդի հետ։ Մենք ունենք փայլուն քահանայաց դաս, եւ նրանք ունենք կարեւոր առաքելութիւն։

6. Հայաստանի բոլոր գործող եկեղեցիներին յարող տարածքները կարող են վերածւել քաղաքացիների հաւաքատեղիների. պարզապէս զրուցելու, իրար տեսնելու, քննարկումների խաղաղ վայրերի։ Աշխատասենեակներում այլեւս անելիք չկայ։

7. Սա երկար պրոցես է, եւ երբ մարդիկ զարմանում են, թէ ինչու մշակւած չեն Մայր Աթոռի պաշտպանութեան մեխանիզմները, ապա պարզապէս յիշէք, որ Մայր Աթոռն անկախութեան տարիներին երբեք պաշտպանութեան կարիք չի ունեցել սեփական իշխանութիւններից։ Ստիպւած ենք լինելու կայացնելու իրավիճակային որոշումներ՝ իհարկէ, նախապէս սկզբունքային որոշումները կայացնելուն զուգահեռ։

Related Articles

Back to top button