ԵՂԵԳԱՆ ՓՈՂ
Ես ամէն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եւ ամէն օր քեզ հետ կռիւ ու վէճ ունեմ,
Եւ ամէն օր այսպէս տառապում եմ, սէ՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:
Անբնական մի վերջ՝ յիմար մի տագնապից,
Յիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամէն կողմից գլխիս,
Երազներիս թափւող
Անմարդկային ցաւից, անմարդկային լափից:
Անբնական մի վերջ, սէ՛ր իմ, անբնական,-
Դու, որ կարող էիր թաւշէ մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եւ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մէջ կեանքի ուժը տիտանական,-
Դու հեռացար այնպէս փափուկ ու բնական,
Այնպէս անփութօրէն եւ մտերիմ այնքան,
Այնքան մտերմօրէն – եւ լուռ, եւ անյուզում,
Որ ես հիմա ցաւից խորտակւել եմ ուզում:
Մի՛ տագնապիր, մի՛ լար եւ մի՛ ասա, թէ դու
Յետոյ ճանփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս ինչ է ցաւը խորտակւածի,
Եւ կորուստը՝ արդէն կորուստ տւած մարդու:
Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անյայտ ճամփորդութեան,
Եւ դա չի լինելու խռովածի տագնապ.
Կամ միամիտ մարդու քմայք անփորձութեան:
Պիտի գնամ, ին՞չ կայ: Դու էլ պիտի գնաս,
Որպէս փափուկ մշուշ, կամ կարօտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփոյթ,
Սակայն, աւաղ, ուրիշ,
Ուրիշ ճանապարհով:
Ռազմիկ Դաւոյեան, «Կեղեւդ բաց արա» շարքից, 1975 թ.