«Ադրբեջանը շարունակում է գողանալ, ոչնչացնել եւ իւրացնել հայկական մշակոյթն ու ժառանգութիւնը»

Լոս Անջելէսում է բնակւում հայկական սփիւռքի ամենաստւար հատւածը՝ աւելի քան 200,000 հայ, գրում է Knock LA-ը:
Ինչպէս նշւում է, 2023 թւականին էթնիկ զտումները եւ Ադրբեջանի ներխուժումն Արցախ յանգեցրին ամբողջ բնակչութեան արտաքսմանը մի հողից, որը դարեր շարունակ բնակեցւած է եղել հայերով: Հարիւրաւոր հայ ընտանիքներ լքեցին իրենց տները՝ իրենց հետ վերցնելով միայն այն, ինչ կարող էին տանել:
Երբ Ադրբեջանը յարձակւեց Արցախի վրայ, միջազգային հանրութեան արձագանքը յուսահատեցնող էր: Հայերի տառապանքները դեռեւս քիչ ուշադրութեան են արժանանում:
Էթնիկ զտումների եւ դրանց հետեւանքների լուսաբանումը հազւադէպ էր քննարկւում, սակայն դրանց երկարաժամկէտ ֆիզիկական եւ հոգեբանական հետեւանքները բազմաթիւ հայերի կեանքեր են կործանել, այդ թւում՝ Լոս Անջելէսի համայնքի ընտանիքներում:
Արցախի պահպանումը դառնում է աւելի ու աւելի հրատապ, քանի որ Ադրբեջանը շարունակում է առեւանգել, ոչնչացնել եւ իւրացնել հայկական մշակոյթն ու ժառանգութիւնը:
Արցախում իրականացւած էթնիկ զտումներից յետոյ այնտեղ շատ քիչ հայեր էին մնացել՝ մօտ 14-20 հոգի: Նրանց մեծ մասը հիւանդ էր, ունէր հաշմանդամութիւն եւ չէր ցանկանում կամ չէր կարող լքել իր տունը ադրբեջանական ներխուժումից յետոյ: 2026 թւականի յունւարի դրութեամբ մնացած 11 հայերը բռնազաւթւած Արցախից տեղափոխւել են Հայաստան. ադրբեջանցի պաշտօնեաները պնդում են, թէ դա տեղի է ունեցել նրանց «գրաւոր խնդրանքների» հիման վրայ:
Արցախի էթնիկ զտումներից անցել է աւելի քան երկու տարի, սակայն դրանք չեն ջնջել վերադարձի յաւերժական յոյսը: Արցախը մնում է աշխարհասփիւռ հայութեան պարտաւորութիւնը: Հաղորդում է News.am-ը:



