Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերեալ խորհրդարանական հետաքննութիւն

Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի փոխանցմամբ փետրւարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցեալը. մշակութային ժառանգութեան ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննութեան գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թւականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգութեան ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկւած իրաւական արձագանքները, ինչպէս նաեւ արդարութեան եւ հաշւետւողականութեան հասնելու հնարաւոր ուղիները։ Առաջին նիստում ելոյթ է ունեցել «Արցախի միութեան» նախագահ, Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարեանը։

Հետաքննութիւնն իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրաւունքների ինստիտուտը (IBAHRI)` համագործակցութեամբ Միջազգային իրաւունքի, արդարադատութեան եւ հաշւետւողականութեան հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։

Բազմակուսակցական յանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաեւ բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդէյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը եւ բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։

Քննութիւնը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով.

  1. Մշակութային ոչնչացման վերաբերեալ ապացոյցների եւ առկայ իրաւական արձագանքների քարտէզագրում։
  2. Դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ։
  3. Հանրային լսումներ՝ փորձագէտների եւ վկաների մասնակցութեամբ։
  4. Վերջնական զեկոյցի հրապարակում։
  5. Շարունակական քննարկում Մեծ Բրիտանիայի կառավարութեան եւ միջազգային հաստատութիւնների հետ։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

24 փետրւար 2026 թ.

Related Articles

Back to top button